Մոսկվայում ձերբակալվել է Կրոկուսի ահաբեկչության գործով 12-րդ անձը․ նա 20 տարեկան է

Մոսկվայում ձերբակալվել է Կրոկուսի ահաբեկչության գործով 12-րդ անձը․ նա 20 տարեկան է

Մոսկվայում ձերբակալվել է Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչության գործով 12-րդ անձը՝ 20-ամյա Ջումոխոն Կուրբոնովը։ Մայրաքաղաքի Բասմանի դատարանը նրան ուղարկել է քննչական մեկուսարան մինչև մայիսի 22-ը։

Քննիչները հայտնել են, որ Կուրբոնովը գումար է փոխանցել ահաբեկչության հեղինակներին, նրանց տրամադրել հեռախոսներ և վճարել կապի համար։ «Ահաբեկչություն, որը հանգեցրել է մարդկանց մահվան» հոդվածով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում։

Ռուսաստանում Կուրբոնովն աշխատել է ոչ պաշտոնապես և ապրել է Մոսկվայի հանրակացարաններից մեկում։

Ավելի վաղ Մոսկվայում ձերբակալվել էին 11 անձինք, ովքեր մեղադրվում էին կազմակերպված խմբի կազմում մահվան ելքով ահաբեկչություն կատարելու համար։

Մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաքի Crocus City Hall համերգասրահում մարտի 22-ին ահաբեկչություն էր տեղի ունեցել. հարձակվողները ավտոմատ զենքերից կրակ էին բացել շենքում մարդկանց վրա և այրել դահլիճը։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 145 մարդ։