Արցախը՝ ներքին բախումների շեմին

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը մեղադրել է նախագահ Արայիկ Հարությունյանին ստախոսության մեջ՝ ասելով, որ նա ասել է՝ հրաժարական է ներկայացնելու պաշտոնից, սակայն չի արել։
«Շաբաթվա սկզբում Դուք ասում էիք, որ հրաժարական եք տալու, ու Ձեզ պետք չի համոզել, որովհետև որոշումն արդեն կայացրել եք, ու դա առաջին անգամ չէ։ 8 հոգուց, որ ներկա էին այդ հանդիպմանը, մի մասն արդեն չէր հավատում ձեր խոսքին: Մի մասն էլ ասում էր՝ գուցե այս անգամ ճի՞շտ է ասում»,- Արցախի վերակառուցվող Հակոբավանքից ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Վարդանյանը։
Եթե նույնիսկ Վարդանյանն այս հայտարարությունը չաներ, միևնույն է՝ անցած շաբաթ Հայաստանն ապրում էր Հարությունյանի հրաժարականի սպասումով: Դրա մասին խոսում էին քաղաքական շրջանակներում, տեղեկացված էին ԶԼՄ-ները:
Սակայն հիմա՝ չկայացած հրաժարականից հետո, հակասական մի պատկեր է ստեղծվում:
Ռուբեն Վարդանյանի նկարագրությամբ՝ Հարությունյանն ինքն է խաղարկել հրաժարականի սցենարը, հետո հետ է կանգնել իր խոստումից: Անկեղծ լինենք, սա առաջին դեպքը չէ, երբ Հարությունյանի խոսքն ու գործը հակադրության մեջ են:
Հարությունյանը հրապարակային որևէ խոսք չի ասել, անգամ իսկ չի հակադարձել Վարդանյանին, բայց նրա շրջապատը փորձում է տպավորություն ստեղծել, թե իբրև նրան հրաժարական է պարտադրվել, որին նախագահը «հերոսաբար» դիմադրել է, գործին խառնվել է անգամ Հարությունյանին սատարող աշխարհազորը, որը չորեքշաբթի մտել է խորհրդարանի շենք՝ ընդդիմադիր պատգամավորներից «բացատրություն» պահանջելու:
Որն էլ լինի ճշմարտությունը, Արցախում ստեղծվել է պայթյունավտանգ իրավիճակ. արտաքին մարտահրավերներին գումարվել է ներքին բախումների ու քաոսի իրական վտանգը:
Վահրամ Բագրատյան