Այո, եղել է զանգ ԱԱԾ-ից կոնկրետ սուբյեկտի վերաբերյալ․ Հայկուհի Հարությունյան

Այսօր Ազգային ժողովում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, հղում անելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի խոսքին, թե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի հանդուրժել որևէ ճնշում, հարցրեց․ «Սա նշանակում է, որ Ձեր նկատմամբ առնվազն ճնշում գործադրելու փորձեր եղել են և Դուք չեք հանդուրժել, ի՞նչ ճնշման մասին է խոսքը, հայտնե՞լ եք իրավապահներին, թե ոչ»։

Հարությունյանն էլ մանրամասնեց․ «Այո, եղել է զանգ կոնկրետ սուբյեկտի վերաբերյալ կայացված բարեվարքության եզրակացության առնչությամբ՝ Ազգային անվտանգության ծառայությունից, որ բացասական եզրակացության է արժանացել այն թեկնածուի մասով, որ Ազգային ժողովում պիտի քվեարկվեր։ Եվ դա ներկայացվել է որպես ազգային անվտանգության խնդիր, քանի որ այդ թեկնածուի ընտրվելը պետք է ապահովվեր։ Ես անմիջապես, հենց այդ պահին զանգի մասին տեղեկացրել եմ, և փորձել եմ ճշգրտում անել՝ առհասարակ, որպես երևույթ ինչ-որ մեկը կառավարությունում տեղյա՞կ է, թե՞ ոչ։ Եվ պետք է շնորհակալություն հայտնեմ, որ անմիջապես արձագանքը եղել է, պարոն Աղաջանյան, ներողություն, բայց Ձեզ էլ հղում պիտի անեմ։ Հաջորդ օրը նույնիսկ պարոն Աղաջանյանն այցելել էր էն նույն շենքում տեղակայված մեկ այլ կառույցի՝ բնապահպանական տեսչական մարմնի, ու նաև այցելեց հանձնաժողով չորս անդամով։ Եվ անձամբ բոլորի ներկայությամբ պարոն Աղաջանյանին դեպքը ներկայացրել եմ, վերարտադրում եմ նաև պարոն Աղաջանյանի խոսքերը, որ դա մեր և մեր քաղաքական թիմի կողմից անհանդուրժելի վարքագիծ է։ ԵՎ նման դեպքերը մեզ համար անընդունելի է։ Եւ դա, որպես այդպիսին, այլևս որպես վարքագիծ չի դրսևորվել»։

Մանրամասները՝ տեսանյութում