Ռուսաստանը երբեք չի փոխել իր դիրքորոշումը Լաչինի միջանցքի հարցում․ Պուտին

Ռուսաստանը երբեք չի փոխել իր դիրքորոշումը Լաչինի միջանցքի վերաբերյալ, ինչն արտացոլված է Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև եռակողմ համաձայնագրերում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։
«Մենք երբեք չենք փոխել մեր դիրքորոշումը», - ասել է ռուսական պետության ղեկավարը։
«Ինչ վերաբերում է կարգավորմանը վերաբերող զգայուն հարցերին, Լեռնային Ղարաբաղին… Մենք դեռ հնարավորություն կունենանք եռակողմ ձևաչափով խոսել տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերի շուրջ։ Խնդիրները շատ կարևոր և զգայուն են, վստահ եմ, որ եթե մենք, ի վերջո, չնայած բոլոր դժվարություններին, հասնենք այդ հարցերի լուծմանը, ապա դա ձեռնտու կլինի և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, և ոչ միայն երկու երկրներին, այլև ողջ տարածաշրջանին»,- ասել է Պուտինը, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։