Նիկոլը չի կարա Արցախը ծախի, գլուխը պատովը կտա․ արցախցի բազմազավակ մայր 

Նիկոլը չի կարա Արցախը ծախի, գլուխը պատովը կտա․ արցախցի բազմազավակ մայր 

Վեց երեխաների մայր Գոհար Հայրիյանը ծանր է տարել ծննդավայր Շուշիի կորուստը, բայց իր մեջ ուժ է գտել և շարունակում է բնակվել Արցախում։ Ստեփանակերտն էլ Գոհարի համար թանկ է, և չնայած դժվարություններին՝ չի պատրաստվում լքել Արցախը։ 

MediaHub-ի հետ զրույցում բազմազավակ մայրը պատմեց շրջափակման ընթացքում առաջացած խնդիրների, կիսաքաղց օրերի, դեղորայք չլինելու պատճառով ցավ ապրող մարդկանց մասին։

«Իմ վեց երեխաներից երկուսը հաշմանդամ են, տանը հիվանդ մայր ունեմ։ Վիճակը գնալով բարդանում է։ Ցավ զգալով սպասում ենք, որ Կարմիր խաչը կարողանա փոխանցել անհրաժեշտ դեղերը։ Մեր ընտանիքն ապրում է միայն ամուսնուս աշխատավարձի հաշվին։ Բանջարեղենի կարիքը շատ է։ Եթե լինում է՝ վերցնում ենք, բայց ազատ վաճառքի դեպքում շատ թանկ է։ Ասենք՝ կարտոֆիլը 2 200 դրամ է, վարունգը՝ 2 500 դրամ է։ Ձեթն առանց կտրոնի չի վաճառվում, իսկ կտրոնով գնածն էլ չի հերիքում միանշանակ։ Ձեթի մեծ մասը ջուր է, որովհետև լցնում ենք կաթսայի մեջ ու մի քիչ եռալուց հետո հասկանում, որ ձեթ չկա՝ ջուրը գոլորշիացել է ու տակը բան չի մնացել»,- պատմեց նա։

Գոհար Հայրիյանն ասում է, որ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը արցախցիների համար սառը ցնցուղի է նմանվել։

«Նա մեզ դժոխք է տանում։ Մեր տղերքը զոհվեցին ու իրենց կյանքը տվեցին Արցախին։ Փաշինյանը ո՞նց կարող է միայնակ որոշել ու Արցախը տալ Ադրբեջանին։ Մենք Արցախի տերն ենք ու մեր հողը ոչ մի անգամ չի լինի Ադրբեջանի կազմի մեջ։ Արցախն այս դեպքում կլինի անկախ, որովհետև մենք դուրս չենք գա մեր տներից, ու չենք մտնի Ադրբեջանի կազմի մեջ։ Մենք երբեք թշնամու հետ չենք ապրի ու մեր տունն էլ չենք թողնի»,- ասում է նա։

Արցախցիները վստահ են, որ Հայաստանում բազմաթիվ հայեր կան, որ իրենց մենակ չեն թողնի․ «Վարչապետը կռվե՞լ է Արցախի համար, որ Արցախը տա, իր տղան կռվե՞լ է Արցախի համար, որ տան։ Նիկոլը չի կարա Արցախը ծախի, գլուխը պատովը կտա»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Լուսին Ղազարյան