Աննա Հակոբյան, կարո՞ղ ես նայել վեց երեխաներիս աչքերի մեջ․ կամավորական

Աննա Հակոբյան, կարո՞ղ ես նայել վեց երեխաներիս աչքերի մեջ․ կամավորական

Լեռնագոգ գյուղի կամավորական ջոկատի հրամանատար Արմեն Ավետիսյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ իրեն «պատժում» են իր անկեղծ տեսակետները համացանցում տարածելու համար։ 

Ասում է՝ մեկ օր առաջ է վերադարձել դիրքերից։ Այս անգամ էլ զայրացած է, որովհետև բազմաթիվ խնդիրներ կան ու ինքը չի կարող չբարձրաձայնել դրանց մասին․

«Ես անընդհատ խոսում եմ խնդիրների մասին, ոչ իրավաչափ հրամանների մասին։ Կամավորների գումարները չեն տալիս, որ էս մարդիկ իրենց երեխեքին ապահովեն ու դիրքերում իրենց ավելի հանգիստ զգան։ Ես ամբողջ կյանքս սահման եմ պահում, իսկ ընտանիքս ապրում է վտանգի մեջ։ Տունս չորրորդ կարգի վթարային է ու փլուզման վտանգ կա։ Մայիսի 10-ին «բոյ» տվեցինք, որ պահենք մեր դիրքը։ Ամեն րոպե կարող եմ զոհվել, բայց գոնե իմանամ, որ երեխաներս տուն ունեն»,-ասում է նա։

Արմեն Ավետիսյանի խոսքով՝ տասնյոթ տարի է, որ իր ընտանիքը բնակարանի հերթում է։ Վեց երեխաների հայր է՝ հինգ տղա և մեկ աղջիկ ունի։ Լեռնագոգ համայնքում գտնվող նրա տունը սարսափելի վիճակում է, խոնավության պատճառով երեխաները հաճախ են հիվանդանում։ Մեկ տարի առաջ ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը կապ է հաստատել ընտանիքի հետ և հայտնել իրենց օգնելու ցանկության մասին։ Սակայն Աննա Հակոբյանը այդպես էլ չի հանդիպել ընտանիքին։ Արմեն Ավետիսյանն էլ պարբերաբար դիմումներ է ուղարկում Կառավարությանը և Աննա Հակոբյանի գրասենյակին։

«Ես շատ եմ խոսում կեղծ հեղափոխության մասին։ Բացում եմ հայրենիքը ծախողների դեմքերը։ Ես էլ էդ տեսակ եմ ու չխոսել չեմ կարող։ Ինձ ասել են, որ հենց դրա համար են ինձ պատժում ու տան համար նախատեսված գումարը այդպես էլ չեն տալիս։ Մարդ գիտեմ, որ պատերազմ էլ չի գնացել։ Ես էլ ճար չունեմ ու էս իշխանությանը չեմ վստահում։ Աննա Հակոբյանը թող պատասխանի ինձ, թող գա նայի իմ երեխաների աչքերի մեջ»,- ընդգծում է ազատամարտիկը։

Լուսին Ղազարյան