ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանի «մեսիջը» Ալիևին

ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանի «մեսիջը» Ալիևին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը հայտարարել է՝ 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին որևէ տեսակի զինատեսակ չի վաճառել։

ՔՊ-ական գեներալ Գագիկ Մելքոնյանը, ով լուրջ կապիտալ է կուտակել «նախկինների» օրոք, բայց Փաշինյանն ու ՔՊ-ն, իհարկե, չեն զբաղվելու նրա եկամուտների ծագմամբ, քանի որ նա զբաղված է Փաշինյանին պաշտպանելով, բացում է այնպիսի փակագծեր, որոնք կարող են պարունակել անգամ ռազմական գաղտնիք: Ադրբեջանի նոր ագրեսիայի պայմաններում դա կարող է ուղղակի խաթարել հայկական անվտանգային ողջ համակարգը:

ՔՊ-ն հայտնի է իր հակառուսական հայտարարություններով և Մելքոնյանը որոշել է հետ չմնալ ընդհանուր «թրենդից»: Մելքոնյանը Բաքվին «մեսիջ» է ուղարկում, որ ՌԴ-ն չի զինել հայկական բանակը 2020թ.-ից սկսած... եթե, իհարկե, ՔՊ-ականի հայտարարությունը ճիշտ է:

Հատուկ ծառայությունները պետք է զբաղվեն Մելքոնյանի հայտարարությամբ, քանի որ Բաքվին «հուշել» հայկական բանակի թույլ կողմերի մասին, մեղմ ասած, քրեական պատասխանատվություն է ենթադրում:

Մոսկվան, իհարկե, կարող է հերքել ՔՊ-ական գեներալի հայտարարությունը՝ հրապարակելով այն զենքերի ցանկը, որոնք ՌԴ-ն մատակարարել է, սակայն այդպիսի տեղեկություններ ՌԴ-ի պես լուրջ երկրները բաց հարթակներում չեն տեղադրելու:

Վահրամ Բագրատյան