Երկու շաբաթ է՝ վրացիներն ապօրինաբար հայկական բեռները պահում են սահմանին․ ինչո՞վ են զբաղված Պապոյանն ու տեղակալը

Երկու շաբաթ է՝ վրացիներն ապօրինաբար հայկական բեռները պահում են սահմանին․ ինչո՞վ են զբաղված Պապոյանն ու տեղակալը

Հայաստանից կոնյակ ու գինի արտահանողները նոր խնդրի առջև են կանգնել, այս անգամ՝ վրացիների պատճառով։ Ռուսական կողմը քիչ էր խոչընդոտներ հարուցում հայ արտահանողների համար, հիմա էլ վրացական սահմանին են նրանց համար խնդիրներ առաջացնում։

MediaHub-ին Ռուսաստանի Դաշնություն կոնյակ ու գինի արտահանող ընկերություններից պատմեցին, որ մոտ երկու շաբաթ է՝ հայկական արտադրության ոգելից խմիչքով բարձված բեռնատարները հայ-վրացական սահմանը հատելիս Սադախլոյի անցակետում խոչընդոտների են բախվում և չեն կարողանում արագ սահմանը հատել և ուղևորվել դեպի Ռուսաստան։ Մասնավորապես, վրացի սահմանապահները Ռուսաստան արտահանվող հայկական կոնյակն ու գինին, չգիտես ինչու, ուղարկում են լաբորատոր փորձաքննության, որ պարզեն՝ համապատասխանո՞ւմ է, արդյոք, հայկական արտադրանքը սանիտարական նորմերին, թե՞ ոչ, նոր բաց են թողնում դեպի Ռուսաստան։ Այս մասին հրապարակավ ահազանգել էր նաև «Գինու-կոնյակի տուն Շահնազարյան» ՍՊԸ համասեփականատեր Հայկ Շահնազարյանը՝ նշելով, որ հայ-վրացական սահմանին հայկական մեքենաներից հանվել են մաքսային կնիքները, և անհասկանալի նպատակով իրականացվել է նմուշառում, որ տանեն լաբորատոր փորձաքննության։ Նրա խոսքով՝ Վրաստանի պետական մարմինների կողմից իրականացված անօրինական գործողությունների հետևանքով հայ տնտեսվարողները կրել են հսկայական վնասներ, քանի որ ՌԴ արտահանվող բեռները շուրջ 10 օր է՝ արգելափակված են Վրաստանի մաքսային տարածքում։ 

Նշենք, որ սա տարօրինակ ու նոր բան է հայ արտահանողների համար, որովհետև Վրաստանը որպես տրանզիտ երկիր է այստեղ հանդես գալիս, և վրացական կողմից հայկական արտադրության ապրանքները ստուգելու պարտավորություն կամ պահանջ չկա, նրանք ընդամենը պետք է ստուգեն փաստաթղթերն ու բաց թողնեն, քանզի իրենց տարածքով անցնող ապրանքը Վրաստանում չի բեռնաթափվելու, այլ գնալու է Ռուսաստան, այսինքն՝ Վրաստանը զուտ տարանցիկ երկիր է։ Հետևաբար, այստեղ միայն ՌԴ իշխանությունները պետք է շահագրգռված լինեն հայկական արտադրության ապրանքների որակով, ոչ թե Վրաստանը՝ որպես տրանզիտ երկիր։ Բայց, արի ու տես, վրացիներն էլ իրենց կողմից են ուզում հայերի վրա ինքնահաստատվել․ ռուսական կողմը քիչ էր նեղում հայ արտահանողներին՝ ամեն անգամ մի նոր խոչընդոտ հարուցելով նրանց համար (հիմնականում` քաղաքական դրդապատճառներով), հիմա էլ վրացիներն են միացել «խրախճանքին»։ Սա պետություն չունենալու կամ պետության կողմից նորմալ արտաքին քաղաքականություն վարել չկարողանալու, հարևան կամ դաշնակից երկրների հետ նորմալ հարաբերություններ չկառուցելու ցցուն օրինակ է։ Մեզ ասացին, որ հայ արտահանողները դիմել են կառավարությանն ու էկոնոմիկայի նախարարությանը, որ պետական մակարդակով միջամտեն՝ խնդիրը լուծվի, և այս հարցում վրացիների հետ բանակցող կամ, այսպես ասած, «հարց լուծող» են նշանակել էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանին։ Վերջինս խոստացել է իբրև թե զբաղվել ու լուծել խնդիրը, բայց երկու շաբաթ է՝ ոչ մի բան չի արել։ Համենայնդեպս, եթե արած լիներ, հայկական բեռնատարները մինչ օրս վրացական սահմանին կանգնած չէին լինի։ Իսկ չի արել, որովհետև ո՛չ փոխնախարար Խոջոյանն է ի զորու և ունակ որևէ հարց լուծելու, ո՛չ նրա ղեկավար նախարար Գևորգ Պապոյանը, ո՛չ էլ Պապոյանին այդ պաշտոնին նշանակած ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը։

Ի դեպ, այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին, որի հետ հանդիպմանը, վստահաբար, ՀՀ իշխանությունները խոսելու են հայ-վրացական հարաբերություններն ու փոխգործակցությունն էլ ավելի խորացնելու մասին, պաշտոնական ընթրիքին էլ խմելու են հայ-վրացական դարավոր բարեկամության կենացը։ Իսկ այդ ընթացքում հայ արտահանողները շարունակելու են վնասներ կրել մեր հարևան ու բարեկամ վրացիների անհասկանալի «կապրիզների» պատճառով։ Պետություն չունենալը նաև հենց այս՝ Վրաստանի նախագահի այցի և այդ նույն ընթացքում վրացական սահմանին օրերով կանգնած հայկական բեռնատարների ֆոնին է ևս մեկ անգամ ընդգծվելու։ 

Վահե Մակարյան