Հայաստանի պատմության մեջ չի եղել Սուրեն Պապիկյանի նման պաշտպանության նախարար, որը այսպիսի անտարբերություն կդրսեւորեր իր ենթակայության տակ գտնվող ռազմական գերատեսչության նկատմամբ։
Խաղաղ պայմաններում 15 ժամկետային զինծառայող է զոհվել, բայց Սուրեն Պապիկյանի օրակարգը չի փոխվել։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել երեկ գիշերը ժամը 2-ին, սակայն պաշտպանության նախարարը առավոտյան 10։30-ին իրեն ուղեկցող մեծաքանակ անվտանգության աշխատակիցներով, սովորականի պես, գնում էր նստելու Կառավարության շենքում իրեն հատկացված «աշակերտական» աթոռին. MediaHub-ը ֆիքսել էր այդ պահը, ինչը զարմանալի է՝ նախարարը, առնվազն, պետք է ՊՆ իր աշխատասենյակում լիներ, էլ չասենք՝ Գեղարքունիքում:
15 զինծառայողների ողբերգական մահվան դեպքից ավելի քան 36 ժամ է անցել, սակայն ո՛չ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ո՛չ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հրդեհի վայրում չեն եղել։ Վերը նշված անձինք չեն այցելել անգամ դեպքից տուժած վիրավոր զինծառայողներին, ովքեր այս պահին գտնվում են Այրվածքաբանության ազգային կենտրոնում։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ եթե Պաշտպանության նախարարն այցելություններ ունենա, այդ մասին պաշտոնապես կհաղորդեն։
«Առայժմ չեն գնացել, բայց նախարարի հանձնարարությամբ դեպքի վայր են այցելել բարձրաստիճան այլ զինվորականներ»,-նշեց նա։
Նորանկախ Հայաստանի պատմության մեջ, այո՛, չի եղել նման, մեղմ ասած, անտարբեր Պաշտպանության նախարար: Այն, որ Պապիկյանը չի գնացել Գեղարքունիքի մարզ, պաշտպանական գերատեսչությունից անշուշտ կպարզաբանեն, որ, բնական է, իր ենթականերն են եղել այնտեղ:
Իսկ ինչո՞ւ Պապիկյանը չի այցելել բժիշկների հսկողության տակ գտնվող զինծառայողներին, դա էլ հո՞ Երևանում է և երկար ճանապարհ պետք չէ կտրել:
Երկու բացատրություն կա՝ կա՛մ Պապիկյանը վախենում է առերեսվել հիվանդանոցում զինծառայողների ծնողների ու հարազատների հետ, որոնք, միանշանակ, հարցեր ունեն, կա՛մ Պապիկյանն այնքան թքած ունի Զինված ուժերի ու զինծառայողների կյանքի վրա.... մի խոսքով՝ այսքան թքած ունի:
Թերևս այսքանը:
Հետևապես սպասել, որ երկրի քաղաքական իշխանությունը պատասխան կստանձնի կատարվածի համար, անիմաստ է: Փոխարենը նույն Փաշինյանը կշարունակի խոսել բանակում բարեփոխումների մասին...
Լիա Սարգսյան