Իշխանությունը խնդիր ունի ոչ թե լրագրողի, այլ՝ հանրությանը ճշմարտությունն ասելու հետ․ Անի Գևորգյան

Միայն իշխանության պահվածքն ու վերաբերմունքը ցույց է տալիս, որ իրենք ոչ թե լրագրողի հետ խնդիր ունեն, այլ հանրությանը ճշմարտությունն ասելու հետ։ Իրենք խուսափում են խոսել մեզ հետ, որովհետև, երբ մենք իրենց պատկերացրածից ավելի հարցեր ենք տալիս՝ հանրության աչքերը կարող են բացվել։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց MediaHub.am կայքի լրագրող Անի Գևորգյանը՝ խոսելով ԶԼՄ ոլորտի վերաբերյալ՝ ՔՊ–ի նախագծի մասին։

Նշենք, որ լրագրողներից մեկը առաջարկեց նաև բոյկոտ սկսել, սակայն Անի Գևորգյանի խոսքով՝ բոյկոտը լավագույն տարբերակը չէ։

«Հիմա խնդիր կա ինֆորմացիա հայթայթելու որևէ տեղից, նաև խնդիր կա պարզաբանումների, օրինակ՝ երկու օր է՝ մենք խորհրդարանում փորձում ենք հասկանալ, թե Նիկոլ Փաշինյանը՝ իր հայտարարություններով Արցախի կարգավիճակին առնչվող ինչ է ասում, ասում է՝ իր ձեռքերը լվանո՞ւմ է Արցախից, թե ոչ»,- ասաց նա և հավելեց, որ իշխանության համար լրագրողների բոյկոտը նպաստավոր պայմաններ է ստեղծելու։

Անի Գևորգյանը շեշտեց, որ իշխանությունը պարզապես չի ուզում խոսել այն լրատվամիջոցի հետ, որոնք իրենց վերահսկողությունից դուրս են։ «Իրենք պատկերացնում են, որ ինչ ուզեն, կխոսեն, իսկ լրագրողը պետք է կանգնի, լսի, գլուխը թափահարի, իրենք էլ թողնեն հեռանան։ Իրենք չեն ուզում գործ ունենալ մտածող լրագրողի հետ, իրենք ուզում են գործ ունենալ պարզապես ձայնագրիչների և բարձրախոսների հետ»,- շեշտեց լրագրողը։

Լրագրողը դիտարկեց, որ հանրությունը միայն իշխանության հայտարարությունները լսել չի ուզում, այլ նաև ուզում է լրագրողների հարցերի միջոցով իրավիճակի վերաբերյալ ստանալ պարզաբանումներ։

«Ես բազմիցս մոտեցել եմ ՔՊ խմբակցության քարտուղարին և Հայկ Կոնջորյանից ավելի վատ խմբակցության ղեկավար չեմ հանդիպել, որովհետև նրան կարող ես բարևել և պատասխան բարև չստանալ»,-ընդգծեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիաննա Թորոսյան