Արժանապատվության հարց է․ Գևորգ Պետրոսյանը կդիմի դատարան

Արժանապատվության հարց է․ Գևորգ Պետրոսյանը կդիմի դատարան

Արդեն հայտնել ենք, որ  ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանին զրկել են ԵՊՀ-ում դասաժամերից։ Այդ մասին Պետրոսյանը գրել էր ֆեյսբուքյան իր էջում, սակայն չէր նշել, թե ինչ պատճառով։ 

Հենց այդ պատճառներն ու հիմքերը ճշտելու նպատակով MediaHub.am-ը կապ հաստատեց Գևորգ Պետրոսյանի հետ։ 

Նրա խոսքով՝ ինքն այսօր պատահաբար է իմացել, որ դասաժամեր չունի։

«Չեմ կարող հայտնել, թե ով է ինձ այդ մասին տեղեկացրել, բայց հստակ է, որ ինձ դասաժամերից զրկել են։ Ես ԵՊՀ-ում 38 հազար դրամ էի ստանում, ուստի հստակ է, որ ֆինանսական շահ չունեմ, բայց իմ արժանապատվության համար գնալու եմ մինչև դատարան»,- մեզ հետ զրույցում ասաց նա։

Գևորգ Պետրոսյանը նշեց, որ վիրավորական է, որ իրեն՝ 27 տարվա դասախոսին, իրավաբանության այդ գծով միակ դոցենտին, միանձնյա դասագրքերի ու հիսունից ավելի գիտական աշխատությունների հեղինակին ազատել են ԵՊՀ-ից։

«Այստեղ արժանապատվության խնդիրն է։ Ես հիմա գրություն եմ ուղարկելու ռեկտորին, որ հասկանամ՝ ինձ հետ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու հիմքերը որոնք են։ Երբ նախարար էի նշանակվել, կես դրույքով սկսեցի աշխատել, ապա, երբ դարձա պատգամավոր, սկսեցի աշխատել 0.25 դրույքով։ Հարգելով համալսարանը՝ ես որևէ բառ չասացի։ Բայց հիմա ես չեմ լռի։ Հարցը նաև իմ սրտացավությունն է, քանի որ ես չգիտեմ՝ ո՞վ է լինելու ինձ փոխարինողը։ Աշխատանքային իրավունքը կարևորագույն իրավունք է, մարդը տնից դուրս գալուց հետո մտնում է աշխատանքային իրավունքի ոլորտ։ Աշխատանքային իրավունքը կյանքին հավասարեցված իրավունք է, քանի որ մարդն ապրում է աշխատանքով։ Ես, մտնելով լսարան, այնքան էներգիա եմ ծախսել, որ գալիս պառկում էի։ Ու հիմա սա ինձ ուղղված վիրավորանք է»,- նշեց նա։

Անդրադառնալով իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ հավանական դրդապատճառներին՝ Գևորգ Պետրոսյանը երկու վարկած ներկայացրեց։ Առաջինն իր քաղաքական հայացքներն են։

«Բայց ինձ թվում է, որ սա ավելի շատ ներֆակուլտետային հարց է, քանի որ ամբիոնի վարիչը, դեկանը չեն կարող համակերպվել, որ ես իրենց կամքը չեմ կատարում, այլ շարժվում եմ արդարության ու սոցիալական հավասարության միտումով։ Երևի չեն հարմարվում, որ իրենց ասած մարդկանց գնահատականներ չեմ շռայլում»,- նկատեց Գևորգ Պետրոսյանը։

Նա տեղեկացրեց, որ վաղը գրությամբ դիմելու է ԵՊՀ ռեկտորին, ապա հնգօրյա ժամկետում պատասխան ստանալուց հետո կդիմի դատարան։

Նարե Գնունի