Հրաչյա Սարգսյանի հետ ևս երկու հոգի կհեռանա

Արդեն գրել ենք, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացնելու։
MediaHub.am-ի աղբյուրները հայտնում են՝ հրաժարականի մասին Սարգսյանը հայտնելու է ուրբաթ օրը՝ վաղը։
Նշենք, որ հիմա քննարկվում է, թե ինչ պատճառ պետք է ներկայացվի։ Իհարկե, սլաքներն ուղղվելու են առողջական խնդիրներին և այդ նպատակով երկրից մեկնելու անհրաժեշտությանը։
Մենք նաև տեղեկացանք, որ Հրաչյա Սարգսյանի հետ քաղաքապետարանից հեռանալու է ևս երկու հոգի։
«Աշխատակազմի քարտուղարի ԺՊ Սեյրան Մեջլումյանն ու նրա օգնականը ևս կհեռանան»,- նշեց մեր աղբյուրը։
Նա տեղեկացրեց, որ երեկ ավագանու նիստից հետո է ասվել, որ ուրբաթ երեկոյան Հրաչյա Սարգսյանի հրաժարականի լուրը կհրապարակվի։
«Ասում են, որ տեղակալ Լևոն Հովհաննիսյանը կմնա մինչև սեպտեմբեր, հետո ընտրություններ կանցկացվեն։ Այսինքն՝ արտահերթ չի լինի»,- նշեց մեր աղբյուրը։
Ըստ էության, Հրաչյա Սարգսյանին հեռացնելու որոշումը նոր է ընդունվել, քանի որ օր օրի բարձրանում է նրա վարկանիշը, և սկսել էին լուրեր շրջանառվել, թե Սարգսյանը սկսել է ազդել Ավինյանի ռեյտինգի վրա։ Նրան հեռացնելու որոշումը ՔՊ-ն բավականին երկար քննարկումներից հետո է կայացրել։ Այսկերպ փորձ է արվում ամրապնդել Ավինյանի դիրքերը։
Նարե Գնունի