«Արայիկ Հարությունյանը ասաց՝ եթե ես հանդիպեմ Քոչարյանի հետ, Փաշինյանը ինձ կուտի»․ Քոչարյանը՝ 44-օրյա պատերազմի մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն օրերս հանդիպել է «Հայկական Համալսարանի» ունկնդիրների և դասախոսների հետ։ Հանդիպման մասնակիցները նրան բազմաթիվ հարցեր են ուղղել, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի, այդ պատերազմում պարտության պատճառների վերաբերյալ։
«Ահաբեկվում էր գեներալիտետը, և հանրային ընկալման մեջ այն ժամանակ գեներալները սկսեցին ընկալվել որպես բանակը թալանող, բանակով չզբաղվող մի շերտ, և ես նույնիսկ այն ժամանակ մի բան հասկացա, որ մարտական անցյալ ունեցող գեներալները հանրային վայրերում սկսել են ավելի շատ հայտնվել քաղաքացիական հագուստով։ Առաջ, եթե զինվորական հագուստը հպարտության առարկա էր, մի պահ փորձում են թաքցնել, ու սենց երևացող տեղերում չերևալ այդ հագուստով։ Սա բանակը քայքայելու, բանակը քանդելու գործիք էր։ Արվում էր գիտակցաբար, թե ոչ գիտակցաբար, ես չգիտեմ, չեմ էլ ուզում գնահատական տալ տվյալ դեպքում, բայց սա փաստ էր։ Եթե ձեզանից որևէ մեկը փորձի ուսումնասիրել 2018, 2019, 2020 թ․-ների մամուլը, դուք կտեսնեք, որ սա տեղեկատվական դաշտի գերակա, հիմնական թեմաներից մեկն էր, և սա չէր կարող լուրջ ազդեցություն չթողնել բանակի վրա, որովհետև հրամանատարական կազմը տեղեկատվական դաշտում ամեն օր ահաբեկվում էր։ Այն ժամանակ ընդհանրապես երկրում իրավիճակը բավական փոխվել էր, կառավարման մոդելներ փոխվել, և պոպուլիզմը, իսկապես, դարձել էր լուրջ գործոն, գրեթե ամեն ինչում, և միգուցե․․․ Մեկ քայլ վերադառնամ․ ես նշեցի, որ բանակում լուրջ փոփոխություններ էին պետք՝ կապված այն դասերից, որոնք մենք պետք է քաղեինք քառօրյա պատերազմից։ 2018 թ․-ից, դա անտեսվել էր, ոչ ոք չէր հետաքրքրում, ուղղակի, մի կողմ էր դրվել, և բանակի հիմնական բարեփոխումները դարձել էին ավելի շատ ելակային բարեփոխումներ, որտեղ հիմնական տեղը, որտեղ այցելում էին պաշտոնյաները, դա ճաշարանն է։ Սա շատ էր դուր գալիս ծնողներին, ում զավակները բանակում էին, բայց մարդիկ չէին գնում պոլիգոններ, ընդհանրապես չէին հետաքրքրվում մարտական պատրաստվածությամբ։ Հիմնական թեման եղել է, թե զինվորին ո՞նց են կերակրում, կենցաղն ինչպիսի՞ն է, ինչը լավ է, բայց բանակը դրա համար չի։ Ամբողջ այդ ծախսերը պետք է ուղղեին մարտական պատրաստվածության վրա, այլ ոչ թե այլ նպատակների։ Ի՞նչ է բանակը։ Այն ունի 2 տարվա ցիկլ։ 5 – 6 ամիս պետք է զինվորին պատրաստելու համար, 2 տարի հետո նա զորացրվում է։ 2 տարի մարտական պատրաստվածության հարցով չզբաղվես, դու այլևս բանակ չես ունենալու։ Ուղղակի բանակ չես ունենալու, կամ բանակի մարտունակությունը շեշտակի անկում է ապրելու։ Մոտավորապես, այսպես է վիճակը, որովհետև KPI եթե դրվում է ճաշարանը, այլ ոչ թե պոլիգոնը, սպայական կազմը, որն այն ժամանակ փոխվեց, սկսում է զբաղվել ճաշարանով, այլ ոչ թե պոլիգոնով։ Եվ ունեցանք այն, ինչ ունեցանք»,- ասել է Քոչարյանը:
«2020 թվականի 44-օրյա պատերազմի պրոբլեմներից մեկը նաև այն է, որ բանակը 1-2 շաբաթ պետք է զսպի առաջին հարվածը, բայց հետո ամբողջ պետությունն իր բոլոր մեխանիզմներով պետք է դառնա պատերազմի մաս։ Ինչն, ըստ էության, չկայացավ»,- այս համատեքստում ասել է Ռոբերտ Քոչարյանը։
Նա Արցախյան 44-օրյա պատերազմից մի դրվագ է պատմել նաև՝ նշելով հետևյալը․
«Պատերազմը սկսելուց հետո 3-րդ օրը ես Ղարաբաղում էի։ Երկու շաբաթ եղել եմ Ղարաբաղում և ասեմ՝ իմ գնալուց հետո, ուղղակի երկրորդ-երրորդ օրը ես դիմում էի և՛ Բակո Սահակյանի, և՛ Արկադի Ղուկասյանին՝ հանդիպենք Արայիկ Հարությունյանի հետ։
Իմ հիմնական մեսիջը հետևյալն էր՝ անել ամեն ինչ՝ պատերազմը կանգնեցնելու համար, պատերազմի ամեն օրը բերելու է ավելի մեծ պրոբլեմների, որովհետև պատրաստ չենք։ Այս ձևով, փոփոխված այս իրավիճակում հաղթանակ չեք ունենալու։ Այն ժամանակ Արայիկ Հարությունյանը ասաց՝ եթե ես հանդիպեմ Քոչարյանի հետ, Փաշինյանը ինձ կուտի»։ Բառացիորեն սա ինձ փոխանցել է Բակո Սահակյանը։ Եվ Ղարաբաղում ունեցանք այն, ինչ ունեցանք»։