Բժիշկը զգուշացրել է խալերը ժողովրդական մեթոդներով հեռացնելու վտանգների մասին

Ոմանց համար խալերը հպարտության աղբյուր են և արտաքինի յուրօրինակ մանրուք, մինչդեռ մյուսների համար դրանք ամոթի և հոգեբանական անհարմարության պատճառ են։ Իրենց արտաքին տեսքը բարելավելու նպատակով որոշ մարդիկ փորձում են ինքնուրույն հեռացնել նևուսները (խալերը)՝ օգտագործելով կասկածելի ժողովրդական մեթոդներ։ Սակայն նման մեթոդները կարող են լուրջ վտանգներ առաջացնել, «Գազետա»-ին տված հարցազրույցում ասել է ուռուցքաբան Վադիմ Մակլակովը։
Խալերի քանակն ու բնույթը որոշվում են բազմաթիվ գործոններով, այդ թվում՝ ժառանգականությամբ, տարիքով և շրջակա միջավայրի ազդեցությամբ, մասնավորապես՝ ագրեսիվ ուլտրամանուշակագույն ճառագայթմամբ։
Ինչպես նշել է Մակլակովը, խալերը ձևավորվում են մելանոցիտներից՝ բջիջներից, որոնք արտադրում են մելանին գունանյութը։ Դրանք կարող են լինել հարթ կամ ուռուցիկ, ունենալ տարբեր գույներ՝ բաց շագանակագույնից մինչև սև, ինչպես նաև լինել բնածին կամ հայտնվել կյանքի ընթացքում։
Բժշկի խոսքով՝ դրանց մեծ մասը բարորակ գոյացություններ են, որոնք առողջության համար սպառնալիք չեն ներկայացնում։ Սակայն, գեղագիտական անհարմարության պատճառով, շատերը փորձում են ազատվել դրանցից տանը՝ առանց մտածելու հնարավոր ռիսկերի մասին։
«Որոշ մարդիկ դեռևս շարունակում են վստահել ինտերնետից այսպես կոչված «մասնագետների» խորհուրդներին, ովքեր «հաջողությամբ» բուժում են ցանկացած, նույնիսկ շատ լուրջ հիվանդություն ժողովրդական միջոցներով։ <…> Սակայն «բուժողները», իհարկե, լռում են նման սիրողական գործունեության հետևանքների մասին։ Եվ դրանք բավականին տհաճ են և նույնիսկ վտանգավոր», - զգուշացրել է Մակլակովը։
Հրատարակության զրուցակիցը նշել է, որ բավական է մեծ նևուսը մի քանի անգամ ջրածնի պերօքսիդով բուժել, որպեսզի մաշկի լուրջ այրվածք առաջանա և վարակ մտցվի վնասված հատված։
«Ավելին, եթե խալը ամբողջությամբ չի հեռացվում, դրա չարորակ վերափոխման բարձր ռիսկ կա»,- ընդգծել է Մակլակովը։
Մասնագետը բացատրել է, որ խալերի հետ կապված ցանկացած մանիպուլյացիա, այդ թվում՝ դերմատոսկոպիան, պետք է իրականացվի միայն մաշկաբանի կամ ուռուցքաբանի հսկողության ներքո։ Եթե կա ցանկություն ազատվել խալից գեղագիտական նկատառումներից ելնելով, կան անվտանգ և նվազագույն ինվազիվ մեթոդներ, ինչպիսիք են ռադիոալիքային թերապիան և էլեկտրոկոագուլյացիան։
Մակլակովն ընդգծել է, որ օնկոդերմատոլոգիայի ոլորտի մասնագետի համար կարևոր է, որ կատարված ընթացակարգերը ոչ միայն ցանկալի ազդեցություն ունենան, այլև լիովին համապատասխանեն անվտանգության պահանջներին։