Արդարադատության գռեհիկ դեմքը 

Արդարադատության գռեհիկ դեմքը 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ կրկին կալանավորել է զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը` Գայանե Հակոբյանին, 1 ամիս 15 օր ժամկետով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն առևանգելու համար մեղադրվող որդեկորույս մոր նկատմամբ երեկ առավոտյան վերաքննիչ դատարանի կողմից սահմանված տնային կալանքն, ըստ էության, մի քանի ժամ է տևել:
Հայաստանի պատմության մեջ իշխանության կողմից դրսևորված նման քինախնդրություն չենք հիշում, ընդ որում՝ որդեկորույս մոր հանդեպ: Նույնիսկ տնային կալանքը «մեղմ պատիժ» համարվեց ու մի քանի ժամ հետո որոշեցին «ահաբեկիչ առևանգող» Գայանեին կրկին կալանավորել:

Այս քինախնդրության անունը Նիկոլ Փաշինյան է:

Հայաստանի փաստացի վարչապետն այս ցինիկ վարքագծով խիստ պրակտիկ խնդիրներ է լուծում: Մի կողմից, նա փորձում է ցույց տալ, թե ինչպիսի հեռանկար է սպասվում բոլոր այն մարդկանց, ովքեր քննադատական վերաբերմունք կունենան իշխանության, հատկապես՝ Փաշինյանի ու նրա ընտանիքի հանդեպ, մյուս կողմից՝ Հայաստանի գործող ղեկավարն առավելագույնս փորձում է ոչնչացնել դիմադրության բոլոր հնարավոր օջախները:

Հատկապես երկրորդ խնդիրը Փաշինյանի համար խիստ էական է, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ մոտ ապագայում նա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում պատրաստվում է ստորագրել ցավոտ, եթե չասենք՝ միակողմանի զիջումներ ենթադրող փաստաթղթեր:

Այսպիսով, հասարակությանը ձեռնոց է նետված ու պատասխանելու հերթը հենց ժողովրդինն է:

Վահրամ Բագրատյան