Արցախցին ո՞նց կարող է այդպես խոսել հայաստանցու մասին. արցախցի

Մեքենաները շատ երկար հերթ են կանգնում, մեկ գծով են շարժվում, որպեսզի ճանապարհի մյուս հատվածը ազատ լինի շտապ օգնության, հրշեջ մեքենաների համար։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց արցախցի Հովիկ Ավանեսովը՝ ներկայացնելով Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների վիճակը։
«Իմ ծանոթներից, որոնք Հայաստան են եկել, որևէ արտառոց դեպքի ականատես չեն եղել։ Անցակետում մեքենաները սկանավորվում են, հաշվառվում»,- ասաց նա։
Հարցին՝ վստահաբար ադրբեջանցիները չե՞ն ճնշում մեր հայրենակիցներին, քանի որ տեսանյութեր են տարածվում, որտեղ արցախցիները վիրավորում են հայաստանցիներին ու պաշտպանում ադրբեջանցիներին, վերջինս պատասխանեց․
«Այդ տեսանյութերը ադրբեջանական լրատվամիջոցներն են տարածում։ Իրականում, մեր աշխարհագրական դիրքը նույնն է, տեղանքները նման են և հիմնականում այդ տեսանյութերում ադրբեջանցիներ են, այդպիսով իրենց քարոզչությունն են տարածում, իրենցից շատերը հայերենին լավ են տիրապետում, տեսանյութեր էլ կան, որ հենց ադրբեջաներեն են խոսում, դրանք ադրբեջանցիներ են։ Մի պահ պատկերացրեք, թե արցախցիները ինչո՞ւ պետք է այդպես արտահայտվեն հայաստանցիների համար։ Մեր հայրենակիցները շատ պատրաստակամ են մեզ օգնելու, սոցցանցերում տարածվող հայտարարությունները, որոնցով տուն, սնունդ և այլ օգնություն են առաջարկում, բոլորն էլ պատշաճ պատասխանում են։ Չկա մի հայտարարություն, որ արցախցին զանգի ու անպատասխան մնա։ Տարբեր խմբեր Գորիսում, Կոռնիձորում մեզ դիրավորում են, աջակցում, մարդկանց անվճար տեղափոխում, առանց ճանաչելու իրար ձեռք են մեկնում, արցախցին ո՞նց կարող է այդպես խոսել հայաստանցու մասին»,- շեշտեց նա։
Հովիկ Ավանեսովի խոսքով՝ բոլորն էլ շատ շնորհակալ են իրենց հայրենակիցներից։
MediaHub-ը հիշեցնում է, որ այսօրվա դրությամբ Հայաստան Արցախից բռնի տեղահանվել է 47 115 մարդ:
Լիաննա Թորոսյան