Նիգերիայի ընդդիմությունը նախագահին իմպիչմենտով է սպառնացել

Նիգերիայի ընդդիմությունը նախագահին իմպիչմենտով է սպառնացել

Նիգերիայի ընդդիմադիր խորհրդարանականները երկրի նախագահ Մուհամմադ Բուհարիին իմպիչմենտով են սպառնացել՝ կապված այն մեղադրանքների հետ, որ նա չի կատարել արեւմտաաֆրիկյան պետությունում բռնության աճը դադարեցնելու պահանջները, հայտնում է AP-ն։

Նիգերիայի Ներկայացուցիչների պալատի անդամները հինգշաբթի ասել են, որ իրենք կմիավորեն ուժերը Սենատի իրենց գործընկերների հետ, որոնք չորեքշաբթի ծանուցում են ներկայացրել Բուհարիի իմպիչմենտի մասին, մինչդեռ երկրի Ազգային անվտանգության խորհուրդը հայտարարել է բռնությանը վերջ դնելու նոր ռազմավարության պլանների մասին:

Նիգերիայի նախագահների իմպիչմենտը հազվադեպ երեւույթ է, սակայն օրենսդիրների կողմից նման սպառնալիքները՝ ոչ: Քիչ բան կարելի է սպասել վերջին սպառնալիքից, որը արվում է Բուհարիի նախագահական երկրորդ եւ վերջին ժամկետի ավարտից ընդամենը յոթ ամիս առաջ: 2015-ին նախագահ դառնալուց հետո նա ենթարկվել է իմպիչմենտի առնվազն երկու փորձի, բայց ոչ մեկը չի իրականացվել, քանի որ դրանք սովորաբար կուսակցական բնույթ են կրում եւ նախաձեռնվում են ընդդիմության կողմից:

Նիգերիայի նախագահը իմպիչմենտի վերջին սպառնալիքն անվանել է «ծիծաղաշարժ» եւ ասել է, որ կողջունի դաշնային օրենսդիրների համագործակցությունը Նիգերիայի խնդիրների լուծման գործում: