Ի՞նչ ունեցվածք ուներ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը 2023 թվականի վերջին

Ի՞նչ ունեցվածք ուներ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը 2023 թվականի վերջին

ԱԺ պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, համաձայն այս տարվա մայիսին ներկայացրած իր հայտարարագրի, 2023 թվականի սկզբում ունեցել է մեկ անհատական բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով, որը գտնվում է Երևանի Նոր Նորք վարչական շրջանում, ինչպես նաև երեք հողամաս, որոնցից երկուսը՝ Արագածոտնի մարզի Փարպի գյուղում և մեկը՝ Կոտայքի մարզի զբոսաշրջային կենտրոն համարվող Ծաղկաձոր քաղաքում։ Տարվա վերջին պատգամավորը 3 մլն 300 հազար և 4 մլն 500 հազար դրամով վաճառել է Փարպիում գտնվող իր երկու հողամասերը։ 

Որպես շարժական գույք Թորոսյանը հայտարարագրել է 2015 թվականի Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենա, թեպետ մեր տեղեկություններով՝ նա այլ մեքենաներ էլ ունի։

Նա նաև 15 մլն 750 հազար և 1 մլն 750 հազար դրամի փոխառություն ունի տված «Ծաղկաձոր Պարկ» ՍՊԸ-ին։

2023 թվականի վերջին Արսեն Թորոսյանի բանկային հաշիվներին եղել է 1355 եվրո, 88 դոլար և 686 հազար 290 դրամ։ Որպես կանխիկ դրամ Թորոսյանի ձեռքին տարվա վերջին եղել է 1 մլն դրամ։

Հաշվետու տարում ՔՊ-ական պատգամավորի եկամուտները կազմել են ընդհանուր 34 մլն 017 հազար 216 դրամ, որից 9 մլն 755 հազար 130 դրամը՝ աշխատանքի վարձատրություն, իսկ 15 մլն 750 հազար դրամը՝ Ամերիաբանկից ստացված փոխառություն, որը, ինչպես վերևում նշվեց, հետո նա տրամադրել է «Ծաղկաձոր Պարկ» ՍՊԸ-ին։

Վահե Մակարյան