Որքա՞ն է արժեցել Փաշինյանի՝ տիկնոջ հետ Բեռլինում ֆուտբոլ դիտելն ու Լոնդոնում հեծանիվ քշելը

Որքա՞ն է արժեցել Փաշինյանի՝ տիկնոջ հետ Բեռլինում ֆուտբոլ դիտելն ու Լոնդոնում հեծանիվ քշելը

Հուլիսի 14-ին Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մեկնել էր Բեռլին, որ ներկա գտնվեր Եվրո-2024-ի եզրափակիչ Անգլիա-Իսպանիա հանդիպմանը։ Փաշինյանը Բեռլինում մնացել է երեք օր՝ մինչև հուլիսի 17-ը, որից հետո նա մեկնել է Լոնդոն՝ հուլիսի 17-20-ը Միացյալ Թագավորությունում մասնակցելով Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովին։

Փաշինյանը Բեռլին էր մեկնել ոչ թե կառավարական օդանավով, այլ «Եվրովինգս» ընկերության օդանավով և աշխատանքային այցի շրջանակներում Բեռլինում գտնվել է միայն հուլիսի 14-15-ին։

Իսկ հուլիսի 15-17-ը Փաշինյանը Բեռլինում գտնվել է իր արձակուրդի շրջանակներում, ապա նորից գործուղում է ձևակերպվել, և ամսի 17-ին մեկնել է Լոնդոն։ Այդ ընթացքում նա պարբերաբար տեսանյութեր էր տարածում, թե ինչպես է Բեռլինում տիկնոջ հետ սուրճ վայելում, թերթ կարդում, հեծանիվ քշում, ապա զբոսնում Լոնդոնում, այստեղ ևս հեծանիվ վարում, մի խոսքով՝ պետության հաշվին վայելում կյանքը։

MediaHub-ը հարցում էր ուղարկել կառավարության աշխատակազմին, թե որքա՞ն գումար է ծախսվել Փաշինյանի, նրա գլխավորած պատվիրակության անդամների և Փաշինյանի տիկնոջ՝ Բեռլին ու Լոնդոն կատարած այցերի և Եվրո-2024-ի եզրափակչին ներկա գտնվելու համար։

Նշենք, որ Փաշինյանի հետ Բեռլին էին մեկնել իր կինը՝ Աննա Հակոբյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, լուսանկարիչ Տիգրան Մեհրաբյանը և ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը։

Կառավարությունից մեր հարցմանն ի պատասխան՝ նշել էին, որ Երեւան-Բեռլին-Լոնդոն-Երեւան ուղղություններով ճանապարհածախսը կատարվել է Նիկոլ Փաշինյանի անձնական միջոցներից։

Բեռլին գործուղման ընթացքում Փաշինյանի կեցության համար վճարվել է համաձայն կառավարության 29.12.2005թ․. թիվ 2335-Ն որոշման սահմանաչափով սահմանված արժեքի։ Իսկ կեցության հավելյալ օրերի, ինչպես նաեւ ընտանիքի անդամների համար Փաշինյանը վճարել է իր սեփական միջոցներից։

Նշենք, որ համաձայն վերոնշյալ որոշմամբ սահմանված չափի՝ Բեռլինում մեկ օրվա գիշերակացի գումարը կազմում է 123 եվրո (մոտ 50.000 դրամ), իսկ մեկ օրվա օրապահիկը՝ 114 եվրո (մոտ 47 հազար դրամ)։ Այսինքն՝ ընդնանուր 100 հազար դրամից պակաս գումար է վճարվել Փաշինյանի՝ Բեռլինում մեկ օր մնալու համար, եթե հավատանք պաշտոնական պատասխաններին, փաստաթղթերին և կատարված ծախսերին՝ ըստ սահմանաչափի։ Մյուս օրերի համար Փաշինյանը վճարել է իր անձնական գրպանից, եթե նորից հավատանք կառավարության տված պատասխանին։

Այս ամենին  գումարվում է նաև Փաշինյանի գլխավորած պատվիրակության անդամների գիշերակացը և օրապահիկը, նաև թիկնապահներինը, որի վերաբերյալ կառավարության լրատվական ծառայությունից որևէ բան չէին պարզաբանել՝ առաջարկելով դիմել Պետական պահպանության ծառայությանը։

Արայիկ Հարությունյանը ևս եղել է Բեռլինում ու մասնակցել Եվրո 2024-ի եզրափակիչ հանդիպմանը, որի համար որևէ գումար պետբյուջեից չի վճարվել՝ նա հրավիրված անձ է եղել։

Փաշինյանի և նրա տիկնոջ համար ևս Եվրո-2024-ի եզրափակիչ հանդիպման տոմսերն եղել են անվճար:

Իսկ, ահա, Լոնդոն կատարած այցը, որը տևել է երեք օր, շատ ավելի թանկ է արժեցել պետության վրա՝ 130 դոլար մեկ օրվա օրապահիկն է, 241 դոլար՝ մեկ օրվա գիշերակացը։ Ըստ այդմ՝ երեք օր Լոնդոնում գտնվելու համար Փաշինյանը պետբյուջեից ծախսել է 723 դոլար գիշերակացի գումար, 390 դոլար էլ օրապահիկ է վճարվել նրան, ընդհանուր՝ 1113 դոլար։

Բայց լոնդոնյան պատվիրակության կազմն էլ շատ ավելի մեծ է եղել՝ Նիկոլ Փաշինյանը, խոսնակ Նազելի Բաղդասարյանը, Կարեն Գասպարյանը, Արմեն Խաչատրյանը, Ալեքսանդր Աբրահամյանը, Արման Շահինյանը, Տիգրան Մեհրաբյանը, Գևորգ Գալստյանը, ինչպես նաև Արարատ Միրզոյանը և Գագիկ Վանոյանը։ Ընդհանուր՝  10 հոգի, գումարած՝ Փաշինյանի կինը, որ ամենուր կա, բայց նրա ծախսերը, իբրև թե, անձնական միջոցներից են կատարվում։

Արդյունքում՝ միայն տաս հոգանոց պատվիրակության համար պետբյուջեից, եթե հավատանք պաշտոնական տվյալներին, վճարվել է 11 հազար 130 դոլար (390+723=1113x10=11.130):

Բայց մի փոքր քիչ հավանական է, որ Նիկոլ Փաշինյանի ու իր տիկնոջ համար ամրագրվել է նույն դասի հյուրանոցում նույն արժեքի համար, ինչ պատվիրակության մյուս անդամների, այդ թվում՝ ավելի ցածր պաշտոն զբաղեցնողների համար, օրինակ՝ լրատվական բաժնի աշխատակիցների, օգնականի և այլն։ Երկրի ղեկավարների համար, բնականաբար, ավելի բարձրակարգ հյուրանոց է ընտրվում։

Եւ եթե նույնիսկ որոշ ծախսեր Փաշինյանը իբրև թե հոգացել է իր անձնական միջոցներից, ինչը քիչ հավատալու է իրենց դեպքում, ապա մյուս ծախսերի համար էլ քիչ գումար չի վճարվել պետբյուջեից։

Նկատենք, որ այս ամենի մեջ չի մտնում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Լոնդոն կատարած այցի ծախսերը, քանի որ Գրիգորյանն էլ հուլիսի 17-ին երկօրյա այցով առանձին որոշմամբ էր մեկնել Լոնդոն։

Այս ամենին էլ գումարում ենք նաև Փաշինյանի և իր տիկնոջ անվտանգության աշխատակիցների ծախսերը, որոնք կառավարությունը չի հստակեցրել՝ որքան է, և արդյունքում կլորիկ գումար է ստացվում։

Վահե Մակարյան