Ոստիկանությո՞ւն, թե՞ բանդա

Ոստիկանությո՞ւն, թե՞ բանդա

 

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանն է, որի ղեկավարությամբ ծառայությունը դառնում է պատժիչ մեքենա՝ քրեական կոնկրետ բարքերով։

Հիմա էլ՝ հարբում են

Օգտատեր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սա քիչ առաջ Yerkir.am-ի տեսախցիկն է նկարել. ահա այսպես հարբում ու մի դավաճանի հրահանգով շակալավարի ընկնում են մեր հետևից»:
Մասնավոր դրվագ է, թերևս՝ չանդրադառնայինք, սակայն ոստիկանության քրեականացումը տեղի է ունենում արագ տեմպերով, ինչն այլևս չի կարող վրիպել մեր ուշադրությունից։
Նախ, ամեն օր ոստիկանությունը Երևանի փողոցներից բերման է ենթարկում մի քանի հարյուր խաղաղ ցուցարարների, ընդ որում անհամաչափ ուժ կիրառելով, վայրենի դրսևորումներով։
Վերջին օրերին, մի շարք ոստիկանների կողմից նկատվում են արարքներ, որոնք արդեն իրենց մեջ կոնկրետ հանցակազմ են պարունակում։
Օրինակ, ոստիկաններն առանձնակի դիտավորությամբ ու ընդգծված դաժանությամբ ջարդում են ցուցարարների մեքենաներ։ Երեկ պարզվեց, որ բերման ենթարկելու գործընթացում ոստիկանը հափշտակել է մի քաղաքացու գումար, ինչի առթիվ մեր հայրենակիցը ոստիկանություն հաղորդում է ներկայացրել՝ հանցագործության մասին։ Հիմա էլ ահա՝ տեսախցիկն արձանագրում է, թե ինչպես են ոստիկանները սրճարանում հարբում՝ քաղաքացիների բերման ենթարկելու «հերոսական» ակցիաների արանքում։

Նիկոլի «պահապանները»

Այս ամեն ապօրինությունները ոստիկաններին հանդուրժվում է, որովհետև նրանք դարձել են Նիկոլի «պահապանները»։ Պարզ է՝ երբ ոստիկանությունն իր բուն գործառույթներով չի զբաղվում, երկրում նկատվում է հանցագործությունների շեշտակի աճ։ Դրա մասին են վկայում վիճակագրական թվերը։

Վահրամ Բագրատյան