Գազի մատակարարման վերականգնումը չի նշանակում, որ նորից չեն անջատի, պետք է դասեր քաղել․ Թևան Պողոսյան

Գազի մատակարարման վերականգնումը չի նշանակում, որ նորից չեն անջատի, պետք է դասեր քաղել․ Թևան Պողոսյան

Այսօր Արցախում Ադրբեջանը վերականգնել է գազի մատակարարումը, բայց դա չի նշանակում, որ վաղը նորից չեն անջատի։ MediaHub-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը։

«Ադրբեջանը մեզ ընկալում է որպես իր թշնամին և որոշել է վերացնել մեզ։ Հիմա ցանկացած գործողություն, որն անում է, մեր պարտադրանքով չէ, ինքը կամավոր է վերականգնել գազը, բնականաբար՝ հանուն այլ շահի»,-ասաց քաղաքագետը։ 

Հիշեցնենք, որ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսօր հայտարարեց, որ Արցախում գազի մատակարարման վերականգնումը արվել է միջազգային ճնշման ներքո։ Պողոսյանի խոսքով, սա կանխատեսումներից մեկն է։

«Մեր մոտեցումը պետք է լինի՝ ինչպես ենք անելու, որ ցանկացած պարագայում կա՛մ «գազի կլապանը» մեր ձեռքում հայտնվի, ինչը նշանակում է, որ պետք է գործողություններ անել այդտեղ, կա՛մ, որ նորից փակվի, ինչպես ենք դիմակայելու»,- նշեց քաղաքագետը։

Պողոսյանը նկատեց, որ ոչ այնքան գազի վերականգնումն է կարևոր, որը մարդկային տեսակետից շատ լավ է, այլ այն, որ պետք է դասեր քաղել սրանից։

«Նույնը վերաբերվում է ճանապարհին․ ճանապարհը, գազը, հոսանքը, կապը ամբողջ կյանքի ապահովման խնդիրներն ունեն նույն մոտեցումը։ Ինչ-որ Ադրբեջանը անում է, իր շահերից է անում, և դա նույն ձևով կարող է կրկնվել։ Կարևորն այն է՝ մենք ինչ մեխանիզմներ ենք ունենալու, որ դա չկրկնվի»,-ասաց Պողոսյանը։

Հարցին, թե որն է մեզ համար այս պահին ամենահարմար տարբերակը, Թևանյանն արձագանքեց՝ կա՛մ այդ ճանապարհի ապահովումը պետք է լինի Արցախի պաշտպանության բանակի ձեռքում, կա՛մ Հայաստանի բանակի ձեռքում, ինչը նշանակում է, որ պետք է ճանապարհը հայկական կողմի ենթակայության ներքո լինի։

«Հայկական շահն այն է, որ այդ ճանապարհը մշտական լինի։ Պետք է պայքարել, որ հայկական կողմն այդտեղ մանդատ ունենա, որի համաձայն, այդ ճանապարհը թեկուզ 10 րոպե փակելու համար հնարավորություն կլինի ուժ կիրառել»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի, քանզի հիմա էլ հայը պատերազմի մեջ է, ընդ որում՝ լայնամասշտաբ։

«120 հազար մարդ այսօր բլոկադայի մեջ է։ Ադրբեջանցին միայն մեկ նպատակ ունի՝ վերացնել Հայաստանի Հանրապետությունը, իսկ պատճառաբանումները պարզապես պատրվակներ են»,-ամփոփեց խոսքը Թևան Պողոսյանը։

Շուշանիկ Միսկարյան