Ցեղաuպանությունը կասկածի տակ դնելու հետքերով․ ՀՅԴ-ն դատի կտա՞ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը նոր օրակարգ է դաշտ նետել․ հիմա էլ նա ցանկանում է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու և ում միջոցով ենք ընկալել Հայոց ցեղասպանությունը։
Շվեյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը նկատել է՝ Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, լավ՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել, ոնց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնց է, որ 1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է:
Փաստացի՝ Հայաստանը ներկայացնող առաջին դեմքը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանությունը, ինչը ՀՀ քրեական օրենսգրքով հստակ դատապարտելի արարք է։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն այսօր MediaHub-ի հետ զրույցում նկատեց՝ հստակ հիմքերը կան Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու համար։
Նշենք, ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը սահմանում է՝ Ցեղասպանությունը կամ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը, դրանք քարոզելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
Արդյո՞ք խորհրդարանական ընդդիմությունն այս հարցով հետևողական կլինի և Փաշինյանի հայտարարության հիման վրա կդիմի իրավապահներին․ MediaHub-ը փորձեց պարզել ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանից։
«Քննարկվում է այդ հարցը»,- մեր հարցին հակիրճ պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
Հարցին, թե ե՞րբ հստակ որոշում կլինի, Խաչատրյանն արձագանքեց՝ հենց որոշում լինի, կհրապարակենք։
Նարե Գնունի