Փաշինյանի հայտարարությունը նրան 2-5 տարի ժամկետով ազատազրկելու հիմք է տալիս

Փաշինյանի հայտարարությունը նրան 2-5 տարի ժամկետով ազատազրկելու հիմք է տալիս

Նիկոլ Փաշինյանի վարչապետության ամեն օրը նոր հարցեր է բերում հենց իր համար․ հիմա էլ նա ցանկանում է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու և ում միջոցով ենք ընկալել Հայոց ցեղասպանությունը։

Շվեյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը նկատել է՝ Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, լավ՝ ի՞նչ է տեղի ունեցել և ինչո՞ւ է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել, ոնց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնց է, որ 1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: 

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի դիտարկմամբ՝ այս հայտարարությունը հեղափոխական Փաշինյանի հերթական պոպուլիստական քայլն է, որով նա ցույց է տալիս՝ իր համար անքննելի հարցեր և անհերքելի փաստեր չկան: «Նա ուզում է ասել՝ ես հեղափոխական եմ, և բոլոր հարցերում կարող եմ հեղափոխական նորամուծություններ մտցնել․ դա կլինի Արցախ, Արևմտյան Հայաստան, Հայոց ցեղասպանություն, Արարատ»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց նա։

Բայց, ըստ Դեմոյանի, Փաշինյանի հայտարարություններին անդրադառնալուց առաջ, նախ, պետք է հասկանալ՝ ով է Նիկոլ Փաշինյանը, և ովքեր են նրան սնուցող աղբյուրները։

«Երբ դա հասկանանք ու կարողանանք կտրել Նիկոլ Փաշինյանին սնուցող աղբյուրները, ապա խնդիրը կլուծվի։ Դրանից հետո պետք է հասկանանք՝ ինչ է հայտարարում Նիկոլ Փաշինյանն ու ինչպես է հայտարարում։ Իհարկե, նրա հայտարարությունները՝ որպես գիտաշխատող մեկնաբանել հնարավոր չէ, քանի որ այդքան ցածրանալ ուղղակի չեմ կարող։ Բայց պետք է հասկանալ, որ ինքը թերուս է, և մեզ համար գոնե մխիթարանք է այն, որ ինքը թերուս է, կիսագրագետ է, և իր հայտարարությունները գիրք կարդալու հիմքով չեն»,- նշեց Դեմոյանը։

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության հետ կապված Փաշինյանի այս հայտարարությանը, ապա Հայկ Դեմոյանը դեռևս յոթ տարի առաջ էր ահազանգել, որ գալու է նման օր, երբ ՀՀ Կառավարության ղեկավարը նման քայլի է գնալու՝ կատարելով իրեն սնուցող աղբյուրների կամքը։

«Սկանդալները, որոնք եղան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, հենց այս ամենի նախերգանքն էին։ Կհիշե՞ք՝ նախ Արարատ Միրզոյանի և Վլադիմիր Վարդանյանի գողությունը՝ ինստիտուտից, որից հետո նույն Վլադիմիր Վարդանյանը դարձավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ։ Նույնը Եղիշե Կիրակոսյանի դեպքում։ Ես ասում էի՝ եթե սրանք ընդունակ էին սենց ստորության, ապա սրանք ամեն ինչի էլ ընդունակ կլինեն։ Դրան զուգահեռ Հարություն Մարությանը դարձավ ինստիտուտի տնօրեն, ու դրան մի շարք սկանդալներ հաջորդեցին։ Իսկ նրա թիկունքին ովքե՞ր են, ինչ-որ ազգագրագետներ՝ Հրանուշ Խառատյանի հետ փոխկապակցված անձինք»,- նկատեց Դեմոյանը։

Նրա խոսքով՝ հենց այդ մարդիկ էլ մշակում են Փաշինյանի հնչեցրած թեզերը, որոնք իրականում բավականին խորամանկ ձևով են կազմված։

«Մտքերն ու ձևակերպումները հենց այս մարդկանց են պատկանում, ուղղակի Նիկոլ Փաշինյանը չի կարողանում ճիշտ արտաբերի այդ մտքերը։ Ինչո՞ւ ես ունեմ նման համոզմունք, քանի որ հետևում եմ այդ ազգագրագետներին։ Հրանուշ Խառատյանի աղջիկը, օրինակ, Լուսինե Խառատյանն ասում է՝ «Փաշինյանը մի քիչ այլ կերպ պետք է ասեր այդ միտքը, լավ չի ասել»։ Հիշո՞ւմ եք՝ նրան մեղադրում էին ադրբեջանցիներին ու թուրքերին առատ նյութեր տրամադրելու համար, որոնցով Արևմտյան Ադրբեջան թեզն առաջ տանելու հնարավորություն էր ստեղծվում։ Դատարանում էլ թույլ չտվեցին միացնել ադրբեջանական հեռուստաալիքների նյութերը, որոնցում հենց Լուսինե Խառատյանին հղում էին տալիս»,- նշեց Դեմոյանը։

Նրա խոսքով՝ այս դեպքում ոչ թե Նիկոլ Փաշինյան անձին պետք է անդրադառնալ, այլ պետք է նրանց սնուցող աղբյուրները գտնել ու կտրել դրանք։

«Այս ամենը երազանքի թեմա է ցանկացած ընդդիմությանը՝ Փաշինյանի իմպիչմենթի հարցը բարձրացնելու համար։ Վեց տարի է՝ փաստական հիմքեր եմ տալիս, որոնց հետքերով պետք է գնալ։ Քրեական գործերի եմ հղում տալիս, բայց ոչ ոք դրանց հետքերով չի գնում»,- նշեց նա։

Այնուամենայնիվ, Փաշինյանի այս հայտարարությունները, Դեմոյանի դիտարկմամբ, հող են ստեղծում երկրորդ նոր ողբերգության համար՝ ցեղասպանության տեսքով։

«Հասարակությունը հիմա պետք է ցույց տա իր կոշտ ընդդիմությունն այս ամենին, այսինքն՝ պետք է, նախ, հեռացնի Փաշինյանին ու իր թիմին, ապա խիստ պատժի արժանացնի նրանց։ Եթե դա չեղավ, ապա նոր ողբերգություն է լինելու»,- նշեց ցեղասպանագետը։

Ամփոփելով խոսքը՝ Հայկ Դեմոյանը նկատեց, որ Փաշինյանի այս հայտարարությունները իրավական հիմք են տալիս նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածի հիմքով, այն է՝ Ցեղասպանությունը կամ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը, դրանք քարոզելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Նարե Գնունի