Կդատվենք այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ դատական համակարգը ենթարկվում է Էրդողանի տեղապահին․ Դավիթ Մշեցի

Կդատվենք այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ դատական համակարգը ենթարկվում է Էրդողանի տեղապահին․ Դավիթ Մշեցի

Վերջին օրերին հանրությանը հուզող հարցերի շուրջ MediaHub-ը զրուցել է բանաստեղծ, ազատամարտիկ Դավիթ Մշեցու հետ։ 

-Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախն, ըստ էության, պետք է ճանաչվի Ադրբեջանի մաս։ Սա, ըստ Ձեզ, ի՞նչ է նշանակում և ի՞նչ է սպասվում արցախահայությանը։ 

-Ճիշտն ասած Նիկոլ Փաշինյանը իր առաջացման (ոչ ծնված) օրվանից է ուխտել Արցախը դարձնել Ադրբեջանի մաս։ Իր ողջ կյանքն ու գործունեությունը ծառայեցնելով այս գաղափարին, ի վերջո Գոյումը հասավ նրան, որ արդեն որպես իշխանություն ստորագրեց իր երազանքի տակ։ Այստեղ խնդիրը ոչ թե Նիկոլն է, այլ Նիկոլին աճեցրածներն ու բերածները: Կարճ ասած, սա նշանակում է՝ Հայկը հերթական անգամ պարտվեց ոսոխ Բելին։ 

Ինչ մնում է արցախահայության ճակատագրին, ապա ինձ համար դա ուղիղ համեմատական է ողջ հայության ճակատագրին․ չկա Արցախ՝ չկա Հայաստան, քանզի եթե մարդու սիրտը հանում ես, մարդը ուղղակի մահանում է։ Այլ կերպ ասած, Արցախի վաճառքով սա (մեր լուռ համաձայնությամբ) վաճառքի հանեց Հայաստանի գոյությունն առհասարակ։

- Փաշինյանն ընդգծում է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչում է 86,600 քառակուսի կիլոմետրով, դրանում ներառում է նաև անկլավները։ Կհանձնի՞ դրանք էլ:

-Երեկ ԱԺ ամբիոնից նույն Գոյումը պարզ ասաց, որ եթե խելոք չմնանք, Ադրբեջանի ամբողջականությունը կճանաչի 86,600+29000 ձևաչափով, քանզի ըստ սրա ու սրա աղանդի՝ Հայաստանը երբեք կադաստրի թուղթ չի ունեցել։ Այսինքն, սրանով Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչը առաջ տարավ Ալիևի այն թեզը, որ Հայաստան երբեք գոյություն չի ունեցել և ընդհուպ մինչև Երևանը ներառյալ ադրբեջանական հողեր են։ Էստեղ ցավն այն է, որ հանրության մի զգալի զանգված էլի պաշտպանում է սրա տեսակետը և դա նորմալ է, քանզի իր պատմությունից, ինքնությունից, քաղաքակրթությունից կատարյալ անտեղյակ ժող ջանին ինչ ասես՝ հալած յուղի տեղ ընդունում է։ Էս ֆոնին անիմաստ է խոսել Հայաստանի Սրբազան Օրենքների Երկիր, Աստվածների Նստավայր, Մարդարարման վայր լինելուց, անիմաստ է խոսել Արատտայից, Նաիրիից, Ուրարտուից ․․․ Կարճ ասած՝ անիմաստ է փաստել, որ ողջ համաշխարհային քաղաքակրթության մեջ՝ սկսած մարդկությանը հայտնի մարդարարման առաջին գրավոր աղբյուրից՝ Էնումա Էլիշից մինչ օրս էն հիմնավոր գիտությունը, ըստ որի Հայաստանը իր կադաստրային թղթով ու էությամբ համարվել ու համարվում է մարդկային քաղաքակրթության օրրան ու մարդկության փրկության վայր։ Անիմաստ է, որովհետև հպարտ ժող ջանը իր ինքնության հետ կապված գիտելիքն ատում է նույնքան, որքան իր աղանդապետ Նիկոլը հային ու հայկականությանը։ 

Անկլավ ասելով սա նկատի ունի՝ Տիգրանաշենը և Տավուշի յոթ գյուղերը, որ վստահ եմ կհանձնի։ Բայց էստեղ ինձ համար գլխավորն այն է, որ սա կատարում է վատթարը․ հանձնում է մեր ոգեղեն անկլավներն ու Հայրենիքն առհասարակ։ Աշխարհում չի եղել, չկա և չի լինի մի պետություն՝ թեկուզ և հզորագույն, որի աշխարհագրական տարածքը երաշխավորված լինի, և հավերժում են այն ազգերը միայն, որոնց մոտ երաշխավորված է հոգևոր հայրենիքը։ Այ էս հոգևոր ու ոգեղեն հայրենիքն է սա սպանում մեր մեջ։ Եվ եթե ժամ առաջ էս եղծման դեմը չառնենք՝ Հայաստանը իրապես կդադարի երբևէ ամբողջանալուց։

- Ժամանակները խառն են և մտավորականները ևս պետք է մասնակից դառնան ազգապահպան գործընթացներին։ Ձեր մոտեցումը այս հարցում։ 

-Սա մեր ազգային ճակատագրի հարցերի հարցն է։ Վերջին 2000 տարում ժամանակները միշտ են խառը եղել և միշտ հայ մտավորականը մասնակից է եղել ազգապահպան գործընթացին։ Հիմա՝ երևի ավելի քան երբևէ հայ ազնվականը, հասկանալ մտավորական, այդ պայքարի առաջնագծում է։ Այլ է այն, որ 30 տարի շարունակ էս ազգին դարձրին մտավորականատյաց, սպանեցին ազնվական ու մտածող հայի հանդեպ հարգանքը։ Արդյունքում այսօր հանրության աչքում ցանկացած «հյումնս կլաբի» անտառաճանաչ ու սիլիկոնե տիկնիկի խոսքն ավելի մեծ արժեք ունի, քան ուզածդ մեծագույն հայագետի, բանաստեղծի, պատմաբանի կարծիքը։

Ես իմ օրինակը բերեմ՝ երբեք չի եղել որևէ քաղաքական, ռազմական և այլ ազգին սպառնացող վտանգ, որի դեպքում առաջին շարքերում չկանգնեմ։ Վերջին 15 տարում երևի չի եղել 15 օր, երբ հետապնդումների, քրգործերի ու իշխանական սպառնալիքների տակ չլինեմ։ Հարց՝ տարիներ շարունակ ամեն օր սոցհարթակներում մտավորականին հայհոյհող ու ծաղրող ՀՀ հպարտ քաղաքացի, երբևէ մտքովդ անցա՞վ քեզ քո փափուկ աթոռից ու ստատուս գրելուց կտրես ու գնաս կանգնես քո մտավորականի կողքը, երբ նա խրամատում էր, երբևէ մտքովդ անցավ 15 տարվա մեջ, երբ քո մտավորականը աշխարհի քրգործերի ու հալածանքերի մեջ է, մի անգամ գրես էդ մասին, մի անգամ գնաս դատարան ձևի համար, մի անգամ բացես էդ մտավորականի գրածը կարդաս, որտեղ հստակ ասում է, երբ է պատերազմ սկսվելու, ո՞նց ես պարտվելու, ի՞նչ պիտի անես, որ չսկսվի էդ պատերազմը, սկսվելու դեպքում ոնց պիտի հաղթես և այլն։ Իհարկե չանցավ, քանզի, կրկնում եմ, քեզ դարձրել են հոգևոր գիտելիքն ու պատերազմն ատող Գոյում, քեզ համար մտավորականը նա է, ով քո քաղաքական աղանդից է, ով սոցցանցում ստատուս գրելն ավելի է գերադասում, քան պատերազմին մասնակցելը, ով մեյմունությունն ու ապահով կյանքը գերադասում է դատարաններում փտելուց և այլն։ Էնպես որ, մտավորականն իր տեղում է, կա՛մ եկեք նրա ետևից, կա՛մ լռեք առմիշտ։ 

-Կալանավորվում է զոհված զինծառայողի մայրը, արդարադատական համակարգի գործառույթները, ըստ Ձեզ, որքանով են իրավաչափ։ 

-Ադրբեջանական բանտերում մեր ռազմագերիներն են տառապում, Ադրբեջանի ներկայացուցիչ ՀՀ իշխանությունների բանտերում էլ նույն ռազմագերիների, կամ զոհված տղերքի ծնողներն ու հայ մարդն առհասարակ։ Սա ավելի քան օրինաչափ է․ չի կարող ադրբեջանական դատական համակարգում հայ զինվորի ծնողն ու Հայ մարդը չդատվել։ Ու կդատվենք այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ դատական համակարգը ենթարկվում է Էրդողանի տեղապահին։

Ես իմ դատական գործի օրինակով եմ սա փաստում․ ՀՀ-ում երբևէ չի եղել և հուսով եմ չի լինի նման խայտառակ ու մի երախից ղեկավարվող արդարադատություն, երբ ցանկացած 100 գործից 80-ը քաղաքական պատվեր է, երբ ցանկացած անպաշտոն քայլական կարող է դատավորին, քննիչին ու դատախազին հրամայել ուզածդ մեկի գլխին գործ կարեն ու դատեն։ Ի վերջո, սա փաստում է նաև գերագույն գլխավոր Գոյումը, ըստ օրի մեր դատական համակարգի բնութագրերն են՝ վնգստացող, թալանչի, կաշառակեր և այլն․ գլխավորը՝ մեր դատական համակարգը, ունենալով ողջ լծակները, էդ Գոյումին պատասխանատվության չի ենթարկում։ Այլ կերպ ասած, ՀՀ դատական համակարգը նման ա էն մարմնավաճառին, որ իր օրրանում կանգնած գործ է անում, բայց ըստ ցանկության ուզածդ հաճախորդին կարող է բռնել ու նստացնել, եթե ՔՊ-ական չի ու իրենից ինչ-որ բան է ուզում․․․ 

-Ի՞նչը կամրացնի հայ մարդու հավատը։ 

- Այս մասին խոսելը դարձել է իմ ողջ կյանքի ու գործունեության հիմքը։ Հայ մարդու միակ խնդիրը ինքնաճանաչման մեջ է։ Կճանաչի՞ հայ մարդն ինքն իրեն՝ շատ արագ կվերականգնի իր աշխարհագրական ու ոգեղեն հայրենիքի տարածքը: Չի՞ ճանաչի՝ կշարունակի կորցնել ոգեղեն ու աշխարհագրական հայրենիքի վերջին պատառները։ Ինքնաճանաչումը մի ձնհալ կլինի, որից առաջացած հավատի գետը կփշրի ցանկացած ազգակործան ամբարտակ․․․ 

Լուսին Ղազարյան