Էդվարդ Հովհաննիսյանը՝ Արմավիրի մարզպետի պաշտոնից ազատվելու մասին
Նիկոլ Փաշինյանի՝ Արմավիրի մարզ կատարած այցից հետո նրա հերթական «զոհը» եղավ հենց Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը։ Այցից հետո Փաշինյանն ազատեց Հովհաննիսյանին մարզպետի պաշտոնից։
Դրանից առաջ, հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ էր այցելել, որի հետևանքը եղավ այն, որ պաշտոնից ազատվեցին մարզպետ Արամ Խաչատրյանն ու քաղշինկոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։ Պատճառը շատ պարզ էր՝ Փաշինյանը դժգոհ էր տվյալ մարզերում իրականացված շինարարական աշխատանքներից։ Թեպետ՝ Արամ Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասել էր, թե ինքը, իբրև, «սեփական դիմումի համաձայն» է ազատվել պաշտոնից, բայց պարզ էր, որ պատճառը Փաշինյանի զայրույթն ու դժգոհությունն էր։
Mediahub-ը հունվարի 5-ին Արմավիրի մարզպետի պաշտոնից ազատված Էդվարդ Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ի՞նքն էլ է «սեփական դիմումի համաձայն» ազատվել պաշտոնից։
«Չեմ կարող էդ որոշումը մեկնաբանել, անձնական որոշում էր։ Որոշման հիմքերով երևում է, խնդրում եմ՝ էդտեղով նայեք․ Կառավարությունն է ազատել»,-ասաց Հովհաննիսյանը։
-Շատ տարօրինակ է՝ որ մարզ գնում է Փաշինյանը, այդ մարզպետը ազատվում է աշխատանքից։
-Դե, Ձեր տպավորությունն է այդ գնահատականը՝ տարօրինակ լինելը, էլի չեմ կարող մեկնաբանել, դա Ձեր ընկալումն է։
-Նույն ընկալո՞ւմն էր, ինչ Լոռու մարզպետի կամ քաղշինկոմիտեի նախագահի ազատումը, այսինքն՝ նույն տրամաբանությա՞մբ ազատեց նրանց էլ, Ձեզ էլ։
-Դա իմ վերաբերյալ է, ինձ համար դժվար է մեկնաբանել, դա կողքից պետք է գնահատական տան, էնպես որ, էդ հարցին ավելի կոնկրետ, ավելի ճիշտ երևի կողքի ընկալումներով պետք է կողմնորոշվեք կամ ուղղորդվեք։
-Նիկոլ Փաշինյանը այցելեց մարզեր, դժգոհեց շինարարության պատկերից, ու կրթության նախարարից հիմնականում դժգոհեց, բայց վերջում պարզվեց՝ մեղավորն ու պատասխանատուն մարզպետներն էին, նրանք ազատվեցին աշխատանքից։ Արդա՞ր է դա։
-Հարցի էությունն եմ ուզում հասկանալ։
-Այսինքն՝ տվյալ շինարարության վատ որակի պատասխանատուն մարզպետնե՞րն են, թե՞ կրթության նախարարը, որը հայտարարել է մրցույթը ու պատվիրատուն ինքն է։
-Էդ գործի մեջ ամեն մեկն իր պատասխանատվությունն ունի․ շինարարությունը Քաղշինկոմիտեն է անում, գույքը ԿԳՄՍ նախարարությունն է ձեռք բերում, հիմա Ձեր հարցի բովանդակությունը, որ ձևակերպեք, ես կպատասխանեմ։
-Դուք ինձ հուշեցիք բովանդակությունը՝ բա մարզպետարանն ի՞նչ է անում այդտեղ։
-Մարզպետարանը, որպես տարածքային կառավարման մարմին, իր որոշակի հսկողությունը պետք է իրականացնի։
-Հիմա Դուք իրականացրե՞լ եք այդ հսկողությունը, թե՞ չէիք իրականացրել կամ լավ չէիք իրականացրել՝ դրանից էր դժգոհ։
-Իրականացրել ենք՝ լավ, թե վատ, չեմ կարող մեկնաբանել։
-Իսկ Նիկոլ Փաշինյանը նախապես տեղեկացրե՞լ է Ձեզ պաշտոնից ազատելուց առաջ։
-Էդ հարցը կոնֆիդենցիալ է։
-Այսինքն՝ խոսե՞լ է Ձեզ հետ, թե՞ չի խոսել, Դուք տեղյակ եղե՞լ եք, որ ազատվելու եք պաշտոնից։
-Ես տեղյակ եղել եմ, այո։
-Իսկ պատճառների մասին չի՞ ասել։
-Կոնֆիդենցիալ են դրանք։
-Ամեն դեպքում Ձերը, գոնե, «սեփական դիմումի համաձայն» չի եղել։
-Ոչ։
-Այսինքն՝ Ձեզ ասվել է, որ պիտի ազատվեք, Դուք էլ ազատվել եք։
-Ինձ տեղեկացվել է, այո, որ ես ազատվում եմ պաշտոնից։
-Լավ, վերջին հարցը՝ որևէ այլ աշխատանքի անցնելու առաջարկ ունե՞ք, կամ պատրա՞ստ եք այլ տեղ անցնել ծառայության։
-Ժամանակը ցույց կտա։
-Ձեզ առաջարկ չի՞ եղել Փաշինյանի կողմից։
-Դեռ ոչ։
Վահե Մակարյան