Բժիշկը խոսել է յուղոտ սննդի օգտակարության մասին

Բժիշկը խոսել է յուղոտ սննդի օգտակարության մասին

Սննդից ստացված ճարպը խթանում է ուղեղի աշխատանքը, էներգիա է տալիս, ինչպես նաև օգտակար է վերարտադրողական համակարգի համար։ Ասել է էնդոկրինոլոգ-դիետոլոգ Մարիա Սկիբիցկայան Lenta.ru-ի հետ զրույցում։

Բժշկի խոսքով՝ ճարպերը, ինչպես սպիտակուցներն ու ածխաջրերը, օգտակար են մարմնի բազմաթիվ համակարգերի, հատկապես՝ ուղեղի համար։ Բացի այդ, այն ավելի համեղ է դարձնում սնունդը։ Սակայն, ըստ սննդաբանի, ճարպերը պետք է կազմեն ամենօրյա սննդակարգի 30 տոկոսից ոչ ավելին։

Սկիբիցկայան ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ կարևոր է տարբերել ճիշտ ու սխալ ճարպերը։ Նա պարզաբանել է, որ անհրաժեշտ է նորման լրացնել ճիշտ ճարպերի օգնությամբ։

«Ճիշտ ճարպերը կենսական ճարպաթթուներն են, պոլիչհագեցած և միանհագեցած: Ճիշտ ճարպերի աղբյուրը յուղոտ ձուկն է (սաղմոն, թունա, սկումբրիա), բուսական յուղերը (կտավատի սերմ, ձիթապտուղ), ինչպես նաև ընկույզը և ավոկադոն»,- ընդգծել է Մարիա Սկիբիցկայան։

Բժիշկը զգուշացրել է, որ սննդակարգում սխալ ճարպերի ավելցուկը կարող է հանգեցնել քաշի ավելացման ու գիրության, շաքարախտի, նյութափոխանակության համախտանիշի և սրտանոթային խնդիրների։

Սկիբիցկայան բացատրել է, որ նման ճարպեր կան արագ սննդի, վերամշակված մթերքների, երշիկեղենի, կարմիր մսի յուղոտ տեսակների մեջ։