Ադրբեջանցի զինծառայողները հարազատներին նամակներ են ուղարկել․ Ամատունի

Ադրբեջանցի զինծառայողները հարազատներին նամակներ են ուղարկել․ Ամատունի

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այսօր Երևանում տեսակցել են ՀՀ ներթափանցած և այժմ կալանավորված արդբեջանցի երկու զինծառայողներին։

Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Նա տեղեկացրեց, որ ադրբեջանցիներին հնարավորություն է տրվել Կարմիր խաչի միջոցով կապ հաստատել ընտանիքների հետ։

«Կապի միակ միջոցը դա է եղել»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Սյունիք ներթափանցած ադրբեջանցիներից մեկին բնակիչները հայտնաբերել էին ապրիլի 10-ին՝ Սիսիանի Աշոտավան գյուղում, երկրորդին՝ ապրիլի 13 -ին Կապանի մոտակայքում։ Երկուսն էլ կալանավորվել էին՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատելու և հրազեն ու ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։ 

Իսկ նախօրեին Գլխավոր դատախազությունը տեղեկացրեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով պարզվել է նաև, որ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Հուսեյն Ախունդովը 2023 թվականի ապրիլի 12-ին, հասնելով Սյունիքի մարզի Կապան համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ պահակակետ, նշված պահակակետի պահպանությունն իրականացնող՝ ՀՀ քաղաքացի Հ.Մ.-ի բջջային հեռախոսն ու մեքենան հափշտակելու շահադիտական դրդումներով, հետագայում դարձյալ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելով Իրանի Իսլամական Հանրապետություն հասնելու հանցավոր արարքի կատարումը հեշտացնելու, ինչպես նաև ազգային ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի շարժառիթով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակոցներ է արձակել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի պահպանությունն իրականացնող և պահակակետի մոտ գտնվող ՀՀ քաղաքացի Հ.Մ.-ի ուղղությամբ: Հ.Մ.-ն ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Այնուհետև, Հուսեյն Ախունդովն իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու ուղղակի դիտավորությամբ հափշտակել է Հ.Մ.-ի մարմնի կողքն ընկած բջջային հեռախոսը, ծխախոտն ու կրակայրիչը, փորձել գործարկել կայանված մեքենայի շարժիչը, սակայն չկարողանալով՝ դիմել է փախուստի: Ախունդովը, հեռանալով դեպքի վայրից, հափշտակված բջջային հեռախոսի միջոցով նկարահանել է տեսաուղերձ՝ նշելով. «(...) փառք Աստծո հաջողությամբ հասել ենք Հայաստան և գլխատել 400-ից 500 հայերի, մենք դավաճան չենք, և հույս ունենք հաջողությամբ վերադառնալ Ադրբեջան (…)»: Այնուհետև, Ախունդովը հափշտակված բջջային հեռախոսում ներբեռնել է համացանցային հավելված և նկարահանված տեսաուղերձը հրապարակել սոցիալական ցանցի իր էջում: Դրանից հետո, Ախունդովը ոտքով գնացել է Սյունիքի մարզի Աճանան գյուղի ուղղությամբ և 2023 թվականի ապրիլի 13-ին հայտնաբերվել է պատահական անցորդների կողմից, ովքեր, պարզելով նրա՝ Ադրբեջանի զինված ուժերի ծառայող լինելու հանգամանքը, վնասազերծել են նրան և հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին:

Նարե Գնունի