Արայիկ Հարությունյանի հրաժարականը ստոր քայլ էր․ Մարտիրոսյան

Արայիկ Հարությունյանի հրաժարականը ստոր քայլ էր․ Մարտիրոսյան

Նախագահի հրաժարականը ստոր քայլ էր, փաստորեն, Արայիկ Հարությունյանը հրաժարականով վերջ դրեց իր անփառունակ անցյալին։ Այս ճգնաժամային իրավիճակում հրաժարականն ավելի է սրացնում քաոսը։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց արցախցի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը՝ խոսելով Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին։ 

«Սվերային իշխանության ներկայացուցիչներն ամեն ինչ անելու են, որպեսզի Հայաստանի քաղաքական ուժերի հետ հակադրվեն, որը լավ բանի չի հանգեցնելու, որովհետև նախկին՝ 1992 թվականի փորձը ցույց տվեց, որ երկու երկրների հակադրված իշխանությունները ծանր վիճակում են դրել Արցախին։ Ես համարում եմ, որ Արցախի ստվերային իշխանությունն իր գործելաոճով կարող է ազդեցություն ունենալ Հայաստանի սուբյեկտայնության վրա, որովհետև այստեղ գործում են նաև այլ ուժեր, արցախցու ասած՝ Կրեմլի մատն է խառը։ Նրանք փորձում են Արցախի միջոցով Հայաստանում այնպիսի քաղաքական իրավիճակ ստեղծել, որ Հայաստանը Ռուսաստանի համար կառավարելի լինի»,-ասաց նա։ 

Մարտիրոսյանի խոսքով՝ արցախյան փոփոխությունները բավականին վտանգավոր ազդակներ են պարունակում։

«Ես 90-ականներին տեսա, թե ինչպիսի հարաբերություններ ունեն Արցախն ու Հայաստանը և տեսա, թե ինչ արդյունքներ ենք գրանցում ռազմաճակատում, որից հետո էլ արտաքին ազդեցությունը փչացրեց ամեն ինչ։ Ամեն դեպքում, որևէ նշանակում ժողովրդի մոտ էլ հավատ չի ներշնչելու, քանի որ հայության շահերից հանդես չի գալու»,-նշեց Մարտիրոսյանը։

Խոսելով Ասկերանի շրջանում լարվածության մասին՝ Մարտիրոսյանը հիշեցրեց, որ ռուս խաղաղապահների զորախումբը երեկ փորձել է հատել Ակնա-Ասկերան սահմանը, այնտեղ «հումանիտար օգնություն» տեղափոխելու համար։

«Մեր քաղաքացիները դա թույլ չեն տվել, քանի որ այդ սննդամթերքի մեջ հնարավոր է մարդկանց կյանքին վտանգ սպառնացող նյութեր լինեն։ Այս գործողությունները դուրս են նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներից և, փաստորեն, նոր ձև են տալիս այդ հայտարարությանը, որն անընդունելի է։ Մեր պահանջը ճիշտ է և համապատասխանում է կոնկրետ նոյեմբերի 9-ի հայտարարությանը։ Մեզ ավելի բորբոքում է Հաջիևի այն հայտարարությունը, թե 24 ժամվա ընթացքում Լաչինի միջանցքը կբացվի, եթե Աղդամը բացվի. նա սրանով հաստատում է, որ Արցախի շրջափակումը Ադրբեջանի իշխանության նպատակային քայլերն են ցեղասպանություն կատարելու ուղղությամբ։ Մենք չենք կարող այս պայմաններում Ադրբեջանին վստահել ու իբր հումանիտար բեռ վերցնել, ի՞նչ է նշանակում սովամահ անել, հետո, իբր, օգնել: Ավելի լավ է սովամահ լինել, քան ուտել թշնամու տված հացը»,- հավելեց մեր զրուցակիցը։

 

Լիաննա Թորոսյան