Հայաստանի տեսարժան վայրերը. ո՞ւր գնալ այս ամառ․ Նորավանք (լուսանկարներ)

Հայաստանի տեսարժան վայրերը. ո՞ւր գնալ այս ամառ․ Նորավանք (լուսանկարներ)

MediaHub.am-ն իր հետևորդների ուշադրությանն է ներկայացնում Հայաստանի յուրօրինակ տեսարժան վայրերը, որտեղ կարելի է այցելել 2022 թ-ի ամռանը: Շարքի իներորդ  տեսարժան վայրը՝  Նորավանքն է։

Նորավանք (Ամաղու Նորավանք), Հայ առաքելական վանական համալիր, որը կառուցվել է 13-ից 14-րդ դարերում։ Գտնվում է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում՝ Ամաղու գյուղից 3 կմ հյուսիս-արևելք։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ արդեն վաղ միջնադարից հանդիսացել է սրբատեղի։

Նորավանքի վանական համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին (Բուրթելաշեն) դամբարան-եկեղեցուց, Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցուց, նրան արևմուտքից կից գավթից, Սուրբ Գրիգոր եկեղեցուց (Ստեփանոս Օրբելյանի դամբարան), միջնադարյան մատուռների և շինությունների մնացորդներից, նորակառույց վանատնից։

Նորավանքը Հայաստանի միջնադարյան հոյակերտ հուշարձաններից մեկն է, որն առանձնանում է նաև իր բնական գեղատեսիլ միջավայրով։ Վկայություններ կան, որ այստեղ սրբատեղի է եղել հնագույն ժամանակներից։ Վանքը հիմնադրվել է ավելի վաղ գոյություն ունեցած երկու եկեղեցիների տարածքում` 12-րդ դարում և կառուցապատվել հիմնականում 13-14-րդ դարերում։ Նորավանքի պատմության հետ կապված են ժամանակաշրջանի հայտնի եկեղեցական և քաղաքական գործիչների անուններ։ Նորավանքում են ապրել, ստեղծագործել և այստեղ են թաղված միջնադարյան Հայաստանի նշանավոր գործիչներ ու ստեղծագործողներ։

Նորավանքը հիմնադրել է Վահանավանքի (Կապանի մերձակայքում) վանահայր Հովհաննես եպիսկոպոսը, ով 1105 թվականին այստեղ հաստատվելով` ընդարձակել է վանքապատկան տարածքները, հավաքել ճգնակյաց վանականների, սելջուկ տիրակալներից հրամանագրեր վերցրել Նորավանքը եպիսկոպոսանիստ ճանաչելու վերաբերյալ։ Հաջորդ երկու դարերի ընթացքում Նորավանքն ընդլայնվել է` շնորհիվ Սյունիքում իշխող Օրբելյանների եկեղեցանպաստ գործունեության, ու դարձել հոգևոր, կրթական ու մշակութային կենտրոն և Օրբելյանների տոհմական գերեզմանատունը։

1238 թվականին վանքը թալանվել է մոնղոլների կողմից, սակայն, Աղա Խանի և Օրբելյան Էլիկում իշխանի միջև կնքված հաշտությամբ խաղաղություն է հաստատվել, որը հնարավորություն է ընձեռել վերակառուցելու վանքը և ծաղկուն գործունեություն ծավալել մինչև ԼենկԹեմուրի արշավանքները` 14-րդ դարի վերջում։

Նորավանքը ժամանակի մշակութային խոշոր կենտրոն էր` սերտորեն կապված հոգևոր ու կրթական այնպիսի կենտրոնների հետ, ինչպիսիք էին Գլաձորի համալսարանը, Տաթևի վանքը և այլն։ Նորավանքում որոշ ժամանակ գործել է ժամանակի նշանավոր հոգևորական, աստվածաբան և պատմիչ, քաղաքական ու մշակութային գործիչ Ստեփանոս Օրբելյանը` հեղինակը «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատության (1299 թվականին)։

Վանքի պատմությունն անբաժանելի է միջնադարյան Հայաստանի նշանավոր ճարտարապետ և քանդակագործ Մոմիկի գործունեությունից (1259–1333 թթ.)։ Մոմիկը որպես մանրանկարիչ ծաղկող սկսել է ստեղծագործել Կիլիկիայում, ուր ծանոթացել է խաչակիրների տարածած ուշ գոթական արվեստին։ Հավանաբար 1286 թվականին Կիլիկիա այցելության ժամանակ Ստեփանոս եպիսկոպոս Օրբելյանն է Մոմիկին հրավիրել Վայոց Ձոր, ուր նա շուտով ճանաչվում է հատկապես որպես քանդակագործ-խաչքարագործ։

Մոմիկը Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցու (1321 թվական) ճարտարապետն ու քանդակագործն է։ Նրա նրբաճաշակ հարթաքանդակները զարդարում են Նորավանքի գավթի մուտքի ճակատակալ քարերը։ Մոմիկի կանգնեցրած խաչքարերը համալրել են թե' Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցու, և թե' Նորավանքի համալիրի տարածքները։ Այդ խաչքարերը մինչ օրս անկրկնելի են իրենց գեղարվեստական ու ոճական կատարմամբ։

Ընդունված է Մոմիկի վերջին աշխատանքներ համարել Նորավանքի վանական համալիրի հարավ-արևելյան մասում գտնվող Սուրբ Աստվածածին երկհարկ եկեղեցի-դամբարանը (Բուրթելաշեն), եկեղեցու արևմտյան և հարավային պատերին արտաքուստ արված երկու գեղաքանդակ հարթաքանդակները, ինչպես նաև կառույցի հարավային հատվածում գտնվող փոքրիկ, պարզ խաչքարը, որը կանգնեցված է իր իսկ հիշատակին և Մոմիկի խաչքար-մահարձանն է։

Սուրբ Ստեփանոս Նախավկա գմբեթավոր եկեղեցին համալիրի գլխավոր կառույցն է (1840 թվականին երկրաշարժից կործանված գմբեթը ներկայումս վերակառուցված է)։ Միակ արևմտյան մուտքով եկեղեցին կապվում է գավթին, որը Սմբատ Օրբելյանի նախաձեռնությամբ 1261 թվականին վերանորոգվել է Սիրանես ճարտարապետի կողմից։ Հետագայում` 1321 թվականին երկրաշարժից կառույցը կրկին վնասվել է և կրկին վերակառուցվել` ամենայն հավանականությամբ Մոմիկի կողմից, որն այդ ժամանակ արդեն ավարտել էր Արենիի եկեղեցու աշխատանքները։

Մինչև 20-րդ դար Նորավանքի համալիրը տուժել է ժամանակի աղետներից, հարձակումներից, երկրաշարժերից։ 1948-1949 թվականներին վերականգնվել են Սուրբ Աստվածածին Բուրթելաշեն երկհարկ դամբարան-եկեղեցու ծածկերը և պատերի վերնամասերը։

1980-ական թվականների սկզբին նախաձեռնված ամբողջական վերականգնողական աշխատանքներն ավարտվել են 2001 թվականին։