Փաշինյանը գիտի՞ ինչ է գերի լինելը. անհայտ կորածի ծնող
Այսօր Ֆրանսիայի հրապարակում խաղաղ բողոքի ակցիա են իրականացնում անհայտ կորած զինծառայողների ընտանիքի անդամները։ Նրանք պահանջում են իրենց զինվորների վերադարձ ընտանիքներ։
Անհայտ կորած զինծառայողների ծնողներից Վլադիմիր Հարությունյանը վերջին անգամ տղայի հետ խոսել է 2020 թվականի հոկտեմբերի 15-ին․ «Դեպքը տեղի է ունեցել Հադրութում, վիրավորված ընկած է եղել, ընկերների մի մասը կարծել են, թե սպանված է։ Հոկտեմբերի 15-ին զանգեց, ասաց, որ այնպիսի տեղ են տանում, որտեղ կապ չի լինելու, չզանգենք, դրանից հետո ոչ մի կապ չի եղել»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց զինծառայողի հայրը։
«Ալիևը էսօր ցինիկորեն հայտարարում է, որ գերի չունեն, որովհետև երեխաների գլխներին դատական գործեր են սարքում, իբր, հանցագործներ են, բայց բոլորն էլ գիտեն ադրբեջանական տակտիկան»,- նշեց Վլադիմիր Հարությունյանը։
Վերջինս բավարար չի համարում այս ուղղությամբ իշխանությունների կատարած ջանքերը գերիների վերադարձնելու և անհայտ կորածներին գտնելու հարցում, այս ամենին գումարվում է նաև իշխանությունների անտարբերությունը։ Դեռևս ոչ մի լուր չունեն, Եվրոդատարանի հայկական գրասենյակին էլ են դիմել, ինչպես նաև իշխանությունների հետ գերատեսչական հանձնախումբ են ստեղծել, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվեն, որը կսկսվի դեկտեմբերի 16-ից։
«Նիկոլ Փաշինյանը գիտի՞ Ադրբեջանում գերի լինելն ինչ է։ 1990 թվականին «Կոլցո» օպերացիայի ժամանակ ինձ Քարին տակ գյուղից վերցրել էին, 20 օր Շուշիում պահեցին, յուրաքանչյուր օրն անցնում է մեկ տարվա պես։ Երեխաները երբեք չեն ների այս իշխանություններին»,-ամփոփեց զինվորի հայրը։
Մանրամասները՝ տեսանյութում: