Հանուն իշխանության ՔՊ-ն ռուսամետ քաղաքականության իմիտացիայով է զբաղված

Ռուսաստանի Դաշնությունում հունիսի 24-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը:
Անգամ ՔՊ-ական անփորձներն են հասկացել, որ առանց ՌԴ-ի, անհնար է ապահովել Հայաստանի ու Արցախի անվտանգությունն ու միայն Մոսկվան է Երևանի իրական ռազմաքաղաքական դաշնակիցը: Փաշինյանի կադրային քաղաքականության «գլուխգործոցը»` մասնագիտությամբ ուսուցիչ, ռազմական գործից հեռու Սուրեն Պապիկյանին ՊՆ նախարար նշանակելն է: Թե ինչ պետք է բանակցի լոռեցի Պապիկյանը ռուսական ռազմական էլիտայի, ՊՆ-ի ու ԳՇ-ի պրոֆեսիոնալների հետ, բարդ է ասել, ինչպես բարդ է հասկանալ և մեկնաբանել ՔՊ-ականների որևէ քայլ կամ կադրային որոշում:
ՔՊ-ականները, չնայած Արևմուտքի և արևմտյան տարբեր գրանտային կազմակերպությունների հետ նախկին և ներկա սերտ կապերին, ելնելով քաղաքական կոնյուկտուրայից, ՀՀ-ում իշխանության մնալու իրենց համար թիվ մեկ նպատակից՝ սկսել են ռուսամետ քաղաքականություն վարել կամ այդ քաղաքականության իմիտացիայով զբաղվել: ՌԴ-ն՝ ՀՀ-ի տարածքային ամբողջականության, հայ ազգի ֆիզիկական գոյության հիմնական երաշխավորներից է՝ բոլորն էլ հասկանում են՝ չնայած դրա մասին ընդունված չէ ՔՊ-ի օրոք բարձրաձայնել, որ եթե չլիներ ՌԴ-ի ռազմաքաղաքական միջամտությունը 44-օրյա պատերազմի ժամանակ, Արցախն այսօր հայաթափված կլիներ և բարդ է ասել, թե ինչ կլիներ Սյունիքի հետ:
ՌԴ-ի ռազմական ներկայությունը ՀՀ-ում հետ է պահել Թուրքիային ՀՀ ներխուժումից թե՛ 90-ականների սկզբին, թե 44-օրյա պատերազմի ընթացքում: Հայ-ռուսական իրական դաշնակցային կապերը կարող են ամրապնդվել միայն իշխանափոխությունից հետո. Մոսկվան ձգտում է Երևանում ունենալ կանխատեսելի, վստահելի դաշնակիցներ, այլ ոչ թե ՔՊ-ականներ:
Վահրամ Բագրատյան