ՔՊ-ականների իշխանության խորհրդանիշը աղքատությունն է

ՔՊ-ականների իշխանության խորհրդանիշը աղքատությունն է

Հայաստանի գնաճը գործազրկության բարձր մակարդակի պայմաններում սոցիալական աղետ է: Այդ մասին հայտարարել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

2018-2022թ.-ի ընթացքում Փաշինյանի խոստացած միլիարդավոր դոլարների ներդրումները Հայաստան այդպես էլ չեկան՝ տեղի ունեցավ հակառակ պրոցեսը՝ գործարարները սկսեցին դուրս բերել իրենց կապիտալները Հայաստանից: ՀՀ-ից արտագաղթի թվերի մասին շատ է խոսվում՝ դա իսկական ժողովրդագրական աղետ է, որի մասին ՔՊ-ականները նախընտրում են լռել: ՔՊ-ականները պետք է իրենց ծառայողական ճոխ մեքենաներից իջնեն և շրջեն ՀՀ դատարկվող մարզերով և գյուղերով՝ տեսնելու համար գործազրկության իրական, այլ ոչ թե կառավարության նիստերում կամ ԱԺ-ում զեկուցվող «տնտեսական հեքիաթների» մասին պատկերը:

ՔՊ-ականների իշխանության խորհրդանիշն աղքատությունն է, գնաճը, որը ՀՀ հպարտ, բայց 2018թ.-ից ամեն օր խաբվող քաղաքացիների կենսամակարդակն այնպես է իջեցնում, որ հասարակության մեծ հատվածը նախընտրում է արտագաղթել՝ մշտական կամ ժամանակավոր:

Ինչ տնտեսական ծրագրեր են իրականացրել ՔՊ-ականները, որոնք շոշափելի են՝ բացված գործարաններ չկան, խոշոր լոգիստիկ նախագծեր՝ չկան, այս ֆոնին ՔՊ-ականներն իրենց նախարարների շուրթերով խոսում են միայն «բարգավաճման» կամ «խաղաղության օրակարգի» մասին՝ սահմաններում հայ զինվորներ են զոհվում, իսկ ՔՊ-ականների քարոզչամեքենան ամեն օր հայտարարում է խաղաղության մասին: 

Հայաստանն ու Արցախը վերջնական հայաթափումից կարող են փրկել միայն ՀՀ քաղաքացիները՝ մասնակից լինելով գործող իշխանություններին հեռացնելու գործընթացի իրականացմանը։

Վահրամ Բագրատյան