Երկկողմանի բանակցությունների առկայությունը դրական ձևաչափ է․ Բայրամով

Այսօր ես ԵԱՀԿ նախագահին ներկայացրել եմ տարածաշրջանում «հետկոնֆլիկտային իրողությունները»: Այս մասին ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Այս առումով, մենք կարծում ենք, որ երկկողմանի բանակցությունների առկայությունը դրական ձևաչափ է։ Վերջին 6 ամիսների ընթացքում որպես դրական զարգացում կարելի է նշել ապրիլին երկու երկրների սահմանային հատվածի դեմարկացիայի գործընթացն ու չորս գյուղերի [ադրբեջանական կողմի ձևակերպմամբ] վերադարձը»,- հավելել է նախարարը։
Նա նաև խոսել է Ալմաթիում վերջերս կայացած բանակցությունների մասին։
«Ալմաթիում բանակցությունները դարձան հաջորդ քայլը. Սա մե՞ծ, թե՞ փոքր քայլ է, կիմանանք միայն գործընթացի վերջում: Բայց ես կասեմ, որ սա գործընթացի կարևոր մասն է։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեցինք, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել բանակցությունները։ Կարծում եմ՝ առաջիկայում սրա ականատեսը կլինենք»,- նշել է Բայրամովը։