Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Հոգևոր հաղորդումները Հանրային ռադիոյի եթերից կհեռացվե՞ն. Քոլոյանը վրդովվեց, բայց չհամոզեց

Blog Image

MediaHub-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի հանրային ռադիոյում քննարկում են եթերից հեռացնել հոգևոր բովանդակություն ունեցող հաղորդաշարերը։ Սա, ասացին, լիովին տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական քարոզարշավի շրջանակներում և տնօրենի սրտով է:

Ընդհանրապես, պաշտոնը ստանձնելուց ի վեր ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանի կայացրած որոշումները տեղի են ունենում աշխատակիցների նյարդերի հաշվին։ Իսկ Թուրքիայի ու Ադրբեջանի հանդեպ նրա դիրքորոշումներն ու կնոջ՝ լրագրող Շուշան Ղազարյանի հակաարցախյան ֆեյսբուքյան գրառումները քննարկման, ամոթանքի ու քննադատությունների թեմա է դարձել։ Հանրային ռադիոյից տարբեր պատճառներով հեռացվել են արցախցի լրագրողների բացարձակ մեծամասնությունը, «Արցախ» բառն օգտագործվում է խիստ վերապահումով, Արցախի դրոշը հանեցին ռադիոյի դիմացից.... շարքը կարելի է շարունակել դեռ երկար։ Այն, որ պետական ամենահին ու ամենամեծ լրատվամիջոցը փորձում են ծառայեցնել ներկա իշխանություններին, ցավոք փաստ է, սակայն, աշխատակիցների ըմբոստության շնորհիվ դեռևս պահպանվում են ազգային շահերից բխող որոշակի հաղորդումներ։

MediaHub-ը կապ հաստատեց Արմեն Քոլոյանի հետ՝ ճշտելու մեր ունեցած տեղեկությունների իսկությունը: Վերջինս անգամ փորձեց մեզնից բացատրություն պահանջել, թե ինչո՞ւ ենք ենթադրում, որ հոգևոր հաղորդումները հեռացվում են եթերից.
«Ձեր աղբյուրը սխալվել է, իսկ դուք ինչո՞ւ եք հավատում»,- ասաց նա։ 

Մենք ստիպված էինք հիշեցնել Քոլոյանին, որ սկսած այն բանից, երբ նա Արցախի հայաթափումից անմիջապես հետո Հանրային ռադիոյի newsroom-ի պատին տեղադրել է տարբեր երկրների, այդ թվում՝  Թուրքիայի ու Ադրբեջանի ժամացույցները, հետո հայտարարել, թե՝ «Բաքվի ժամացույցը չե՛մ հեռացնի», և նմանատիպ այլ օրինակներ են եղել այս ընթացքում, այս ամենը թույլ է տալիս հավատալու, որ հոգևոր հաղորդաշարերը իսկապես կզրկվեն եթերից։ Նաև կնոջ ատելությամբ լի գրառումը մեջբերեցինք, որտեղ նա արցախցիներին անվանել էր «Աստծուց մոռացված դժբախտներ»։ Իհարկե, գրառումը հանրային աղմուկի ֆոնին հեռացվել է, իսկ ներողության տեքստը չի ուշացել, բայց Քոլոյանին ստիպված էինք հիշեցնել հայի ու հայկականության մասին իրենց «ընտանեկան դիրքորոշումը»։

«Ես չգիտեմ ինչ է արել իմ կինը, դա իմ գործը չէ։ Հիմա ասում եմ ձեզ՝ ձեր աղբյուրը վստահելի չէ, արժանահավատ չէ։ Ձեր աղբյուրը գլուխը պատովն է տվել։ Հոգևոր հաղորդաշարերը եթերից հեռացնելու որոշում չկա»,- հավելեց նա։

Կապրենք, կտեսնենք: Մինչ օրս, համենայնդեպս, Քոլոյանն իր վարքագծով արել է ամենը, որպեսզի մենք նման լուրերի իսկությանը, այդուհանդերձ, հավատանք:

Հունան Թադևոսյան

Send