Ի՞նչ նորություն կա Coffe House-ի գործից, և ինչո՞ւ այդքան արագ վերաբացվեցին մասնաճյուղերը

Ի՞նչ նորություն կա Coffe House-ի գործից, և ինչո՞ւ այդքան արագ վերաբացվեցին մասնաճյուղերը

Մոտ երկու շաբաթ առաջ Քննչական կոմիտեն գործողություններ իրականացրեց Coffe House ընկերությունում, որից հետո այս ցանցի բոլոր մասնաճյուղերը փակվեցին և կապարակքնվեցին։

2015-ին երկու երիտասարդ ընկերների կողմից հիմնադրված այս բիզնեսում ՊԵԿ-ը ստվերային գործունեություն է հայտնաբերել։ Մասնավորապես, ստուգումների արդյունքում մոտ 450 մլն դրամի խախտում է հայտնաբերվել ՊԵԿ տեսուչների կողմից, ինչից հետո Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հոդվածով։

Քննչական կոմիտեից MediaHub-ին հայտնել էին, որ այդ 450 մլն դրամից 125 մլն դրամը ընկերությունը վերականգնել է ՀՀ պետական բյուջե։ Դրանից հետո՝ մոտ երկու օր անց արդեն տեղեկացանք, որ ընկերության մասնաճյուղերը վերսկսել են իրենց աշխատանքը։ Բայց քրեական վարույթը մնացել է և շարունակվում է, վարույթի շրջանակում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը:

Խոսքը ընկերության հիմնադիրների՝ Հարություն Մկրտչյանի և Նարեկ Քեյանի մասին է, որոնք, մեր տեղեկություններով, համագործակցել են իրավապահ մարմինների հետ, ընդունել իրենց մեղքը, որ հարկեր են թաքցրել, վերականգնել են հասցված վնասի մի մասը, որպեսզի չազատազրկվեն, և բիզնեսն էլ շարունակի իր գործունեությունը։

Նշենք, որ այդ օրերին, երբ  փակվել էր Coffe House-ը, համացանցում և դրանից դուրս սկսեցին խոսակցություններ տարածվել, թե հնարավոր է՝ իշխանություններն ուզում են փայ մտնել այս բիզնեսում կամ խլել այն «կուլտուրական» ձևով։ Այս ֆոնին ուշագրավ է այն, որ քրեական պատմությանը զուգահեռ՝ բաց աղբյուրներում հրապարակված տեղեկատվությամբ նկատելի է Երևանի քաղաքապետարանի կողմից դրական կամ աջակցող վերաբերմունքը Coffe House-ի ու նրա հիմնադիրների նկատմամբ, ընկերության հիմնադիրները կարծես թե լավ կապեր ունեն քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց շրջանում:

Մասնավորապես, ուսումնասիրելով Coffee House-ի սոցիալական էջերը՝ նրանց տիկտոկյան էջում կարելի է նկատել ընկերության աշխատակիցների և Կենտրոնի թաղապետ Պետրոս Պետոյանի հանդիպումը և համատեղ իրականացրած ծառատունկի մասին տեսանյութը: Չի բացառվում՝ հենց քաղաքային իշխանություններն են «միջամտել» կամ աջակցել, որ ընկերությունը վճարի թաքցրած հարկերի մի մասը և շարունակի իր գործունեությունը՝ հընթացս համագործակցելով նախաքննական մարմնի հետ։ 

Նշենք, որ Հարություն Մկրտչյանն այս թեմայով մեկնաբանություն էր տվել լրատվամիջոցներից մեկին՝ ընդունելով, որ հնարավոր է՝ թերացումներ, շեղումներ եղել են իրենց ընկերությունում և հաստատել, որ իրենք 125 մլն դրամ են վճարել պետբյուջե՝ «ցույց տալու իրենց պատրաստակամությունը, որ իրենք հարկ թաքցնելու միտում չունեն, նաև որպես ընդառաջ քայլ, որ շուտ բացվեն, հաճախորդ չկորցնեն, բիզնեսը չտուժի»։

Ի դեպ, մեր տեղեկություններով՝ հարկերից խուսափելը, ի թիվս այլ դրվագների, պայմանավորված է եղել նաև ընկերության բազմաթիվ աշխատակիցների չգրանցված լինելով, որն էլ բացահայտել է ՊԵԿ-ը: 

MediaHub-ը Քննչական կոմիտեից հետաքրքրվեց, թե ի՞նչ նորություն կա այս գործից, և ինչի՞ հիման վրա է սուրճ և այլ ըմպելիքներ վաճառող այս ընկերությունների ցանցը վերսկսել իր գործունեությունը։

Կոմիտեից մեզ հայտնեցին, որ քննչական գործողություններն ավարտել են, որից հետո թույլատրել են, որ մասնաճյուղերը բացվեն ու շարունակեն աշխատել։

Ինչ վերաբերում է քրեական վարույթին և մեղադրյալներին, ապա Քննչական կոմիտեից ասացին, որ նոր բան այս մասով չկա, նախաքննությունը շարունակվում է, մեղադրյալ երկու անձի նկատմամբ էլ շարունակում է որպես խափանման միջոց մնալ երկրից բացակայելու արգելքը։

Վահե Մակարյան