Ի՞նչ եք խառնվել իրար․ մի անուղեղ մի բան ասել է․ Աղավնոյի գյուղապետը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Ի՞նչ եք խառնվել իրար․ մի անուղեղ մի բան ասել է․ Աղավնոյի գյուղապետը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Դա նախ և առաջ ես հայտարարություն չեմ ընդունել, դա հայտարարություն չի, այլ Փաշինյանի և Ալիևի ցանկությունն է։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` ասուլիսի ժամանակ հնչեցրած այն հայտարարությանը, թե երթուղու փոփոխության դեպքում այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ տարածքում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ․ խոսքը Բերձորի և Աղավնոյի մասին էր։

«Մենք՝ Աղավնոյի բնակիչներս, և ընդհանրապես արցախցիներս, իրենց հրամաններն ու երազանքները կատարողը չենք։ Փաշինյանն ո՞ւմ հետ է քննարկել այդ ամենը, Ալիևը շատ բան է ասում, նա ասում է՝ Երևանն էլ է իրենը, Սևանն էլ, իսկ մենք ի՞նչ ենք ասում։ Ինչպե՞ս են մեզ հանելու մեր բնակավայրից, մենք չենք գնալու, զենքի ուժո՞վ են հանելու, մենք ամեն ինչի պատրաստ ենք»,- ասաց Չավուշյանը։

Հարցին՝ Փաշինյանի հայտարարությանն ինչպե՞ս են վերաբերում, Չավուշյանը նշեց, որ բնակիչներն էլ չեն ցանկանում լքել իրենց բնակավայրը, և որ նրանք դուրս չեն գալու իրենց հողից։ «Երբ լինում են հայտարարություններ, իմ համոզմամբ՝ դա պետք է լինի ժողովրդի անունից, իսկ Փաշինյանը խոսե՞լ է ժողովրդի հետ, ո՞ւմ է հաշվի առել, ինչպե՞ս է որոշել, որ իմ սեփականության վրա նա կարող է աչք ունենալ, ո՞վ է տվել նրան այդ մանդատը։ Ի՞նչ եք խառնվել իրար, մի անուղեղ մի բան ասել է։ Երեկվանից դուխ եմ տալիս մեր բանկիչներին։ Այս կառավարությունը միայն տալու մասին է խոսում, ուրիշ ոչինչ չգիտի՝ տալ ու միայն տալ։ Մենք էլ ասում ենք, ո՛չ, դու քո սեփականությունը խոստացիր թշնամուն, ոչ մերը»,- ասաց նա։

Աղավնոյի ղեկավարը կոչ արեց բնակիչներին` չհուսահատվել և չտրվել այն սին խոսակցություններին, որոնք երեկ հայտարարում էր Փաշինյանն ասուլիսի ժամանակ․

«Մեզ մանդատ ու պարտավորություն են տվել պատերազմում զոհված տղաները, որ չլքենք մեր հողը, պետք է շարունակենք իրենց գործը, վստահ ասում եմ՝ իրենց մենք չենք դավաճանելու, ինչ գնով էլ դա լինի»։

Երեկ Փաշինյանը նշեց, որ, ըստ էության, Լաչինում այսօր ընտանիքներ չեն բնակվում, իսկ Աղավնո գյուղի բնակիչների խնդիրները Արցախի կառավարության միջոցներով կլուծվեն։ Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Չավուշյանն ասաց․

«Այսինքն, Փաշինյանը ինչ-որ «ղալլաթ» է արել, դա գցում է Արցախի կառավարության վրա՞, նա իր սխալ բանակցությունների պատճառով ասում է, որ սա Արցախի հարցն է։ Մյուս կողմից, մենք էլ չենք ուզում ինքներս մեզ դավաճանել, քանի որ այդ ճանապարհը ստեփանակերտցու համար պորտալար է, մենք ինչպե՞ս զիջենք և սպառնանք ստեփանակերտցու գոյատևմանը, սա իսկապես գոյատևման խնդիր է»։

Մերի Գևորգյան