Ամոթալի է. Տիգրան Ավինյանը՝ Հայկ Մարությանին

Երևանում, ինչպես հայտնի է, մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, ինչը նշանակում է, որ առաջիկա օրերին ականատես կլինենք ոչ միայն քարոզչության ու երևանցիներին ծրագրային դրույթների ներկայացման, այլև հակաքարոզչության:
Ու թեև մինչև ընտրությունները դեռ ավելի քան քսան օր կա, բայց, թերևս, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հակաքարոզչությունը կմնա անգերազանցելի:
Նախօրեն Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն արեց.
«ՔՊ կուսակցության վարչության նախագահի տեղակալը իր ֆեյսբուքյան էջում տարածել է մեզանից գողացած նախընտրական հոլովակը:
Դա էլ քիչ է՝ կադրում, որտեղ ես ստորագրում եմ եվրոպական ավտոբուսների համաձայնագիրը, ինձ կադրից ջնջել են, իմ խոսքը փոխարինել են ուրիշի խոսքով,
կեղծված հոլովակի վերջում էլ «ճպպցրել են» ՔՊ-ի լոգոն։
Կեղծել, կեղծել ա, միանգամից ընտրություններն էլ կեղծեք...»:
Բնականաբար այս ամոթալի երևույթը օրվա թոփ թեման էր: Եվ հետաքրքիր էր, թե ինչպես ՔՊ-ն այս իրավիճակից դուրս կգա:
Պարզվեց, որ ՔՊ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը նույնպես կատարվածը որակում է «ամոթալի».
«Եթե ինչ-որ մեկը Հայկ Մարությանին տեսանյութից հանել է, դա ամոթալի է»,- ասաց նա Էրեբունի վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ:
Ապա ավելացրեց, թե կարծում է, որ Վահագն Ալեքսանյանը որևէ մեկին որևէ տեսանյութից չի հանել։
Ապա հակադարձեց Հայկ Մարությանին.
«Մյուս կողմից՝ այն ինչ իրականացրել է կառավարությունը, այն ինչ իրականացրել է Երևանի ավագանին, այն ինչ նախաձեռնել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նաև (կներեք անհամեստության համար) վերագրել միայն մի հոգո՞ւ, երբ որ իրականացրել է մի ամբողջ քաղաքական թիմ... Կառավարությունն է այդ վարկի պատասխանատուն, կառավարությունն է այսօր այդ վարկը մարում, նախաձեռնել է իմ գրասենյակը: Առհասարակ, որևէ խոշոր ծրագիր մեկ մարդը չի կարող անել, դա պետք է անի քաղաքական թիմը»:
Քարոզարշավի ձանձրալի ու միապաղաղ ընթացքը, կարծես, փոքր-ինչ ակտիվանում է: