Մեր նպատակն է բոլոր պացիենտներին տեղափոխել Երեւան. առողջապահության նախարար

Այս պահին երեկվա պայթյունից տուժած ու Հայաստան տեղափոխված պացիենտները տեղափոխվում են այս կենտրոն։ Այդ մասին այսօր «Այրվածքաբանության ազգային կենտրոնի» դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ այստեղ իրականացվում է բազմապրոֆիլ հետազոտություն, որից հետո պացիենտներին, ըստ անհրաժեշտության, կտեղափոխեն տարբեր ԲԿ-ներ։

«Այս պահին արդեն 23 բուժառուներ հետազոտության փուլում են։ Մենք տեսնում ենք՝ շտապ օգնության մեքենաներն անընդհատ բերում են պացիենտներին, ուղղաթիռներով ևս այրվածք ստացած քաղաքացիներին բերում են Հայաստան։ 23 շտապ օգնության մեքենաներ էլ Ստեփանակերտից շարժվել են Երևան»,- նշեց նախարարը։

Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ պացիենտների ուղղաթիռներով տեղափոխումը հերթափոխով է իրականացվում։ 

«Մենք պետք է հասցնենք, մինչև երեկո մեր  ուղղաթիռների ամբողջ կարողությունը պետք է օգտագործենք, և հնարավորինս արագ իրականացնենք բուժառուների տեղափոխումը»,- ասաց Ավանեսյանը՝ հավելելով, որ Սիսիանից Երևան էլ են երբեմն ուղղաթիռներով բերում քաղաքացիներին։
Նա նշեց, որ 200-ից ավելի պացիենտներին Երևան բերելու նպատակ ունեն իրենք, բացի այդ, Կառավարությունն ուզում է նաև վիրավորում ստացածներին բերել Հայաստան։

Մանրամասները՝ տեսանյութում