Փաշինյանի ուշացած նահանջը․ ապրիլի 25-ին թեժ է լինելու

Փաշինյանի ուշացած նահանջը․ ապրիլի 25-ին թեժ է լինելու

Տարօրինակ վարքագիծ ունի Նիկոլ Փաշինյանը։ 

Նախ, նա հանդես է գալիս էպատաժային, շոկային, հասարակության համար զգայուն հայտարարություններով, որոնք կարող են հանգեցնել Արցախի հայաթափությանը կամ վտանգել Հայաստանի ներքաղաքական կայունությունը, հետո փորձում է խմբագրել դրանք։

Ի՞նչ արժեք ունի Փաշինյանի երեկվա խոսքը կառավարության նիստում, երբ խորհրդարանական ընդդիմության կողմից արդեն տրված է ապրիլի 25-ից զանգվածային ակցիաներ կազմակերպելու գործընթացի մեկնարկը։ 

2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո չի եղել և չկա Լեռնային Ղարաբաղի կարգավորման ոչ մի նախագիծ կամ սևագիր, որը սեղանի վրա լինի, կամ շրջանառության մեջ դրված լինի, երեկ ասել է Նիկոլ Փաշինյանը։

Խոսելով Արցախը հանձնելուց՝ Հայաստանի վարչապետը արձանագրել է՝ Արցախն իր չէ, առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես։

Փաշինյանն ակնհայտորեն փորձում է «խմբագրել» իր խորհրդարանական շոկային ելույթը, բայց շատ ուշ է ու առաջին հերթին՝ այն պատճառով, որ ընդդիմությունն ու հասարակության մեծամասնությունն այլևս չեն հավատում նրա խոսքին։

Երեկ խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունների ղեկավարները սինխրոն հայտարարեցին պայքարի նոր փուլի մասին։

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Արթուր Վանեցյանը ազդարարել է «պայքարի վճռական փուլին» անցնելու մասին:

«Մեր պայքարի երկրորդ փուլը մեկնարկելու է ամսի 25-ին, ամսի 25-ին մենք բոլորս միասին դուրս ենք գալու փողոց և մեր անդադար ակցիաներով, քաղաքացիական անհնազանդության ակցիաներով իրագործելու ենք այն, ինչը բերելու է այս իշխանություններին մի վիճակի, որ նրանք ստիպված լինեն նահանջել, ստիպված լինեն թողնել իրենց ազգակործան գործը», - ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը:

Ապրիլի 25-ից ամբողջ Հայաստանով սկսում ենք անդադար բողոքի ակցիաներ, քայլեր և գործողություններ․ ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Ապրիլի 25-ին թեժ է լինելու․․․

Վահրամ Բագրատյան