Մեկնարկն՝ այսօր․ ընդդիմությունն անցնում է պայքարի նոր փուլի

Մեկնարկն՝ այսօր․ ընդդիմությունն անցնում է պայքարի նոր փուլի

Արցախի հարցում իշխանություններին աղետալի զիջումների մեջ մեղադրող խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում է պայքարի նոր փուլի մասին՝ ապրիլի 25-ից բողոքի ապակենտրոն ակցիաներ, քայլերթեր են լինելու։ 

Ընդ որում, պայքարի նոր փուլի մասին անոնսավորել են թե ընդդիմադիր պատգամավոր Արթուր Վանեցյանը և թե ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Ընդդիմադիր նոր շարժման մեկնարկը անցած կիրակի նախաձեռնած նստացույց- իրազեկման ակցիայով տվեց Արթուր Վանեցյանը։

Շուրջ մեկ շաբաթ Ազատության հրապարակում տեղի ունեցած նստացույցը հարյուր տոկոսով լուծեց այն խնդիրը, որը դրված էր Վանեցյանի կողմից։

Անցած օրերին Ազատության հրապարակը դարձավ այն կենտրոնը, որը քաղաքական օրակարգ թելադրեց ներքաղաքական կյանքին։

Գործընթացին միացան հանրային խմբեր, որոնք պայքարի նախորդ փուլում ակտիվ չեն եղել, օրինակ՝ զոհված զինծառայողների հարազատները, 44-օրյա պատերազմի մասնակիցները, որոնցից երկուսի հացադուլը կոնսոլիդացնող նշանակություն ունեցավ երիտասարդության համար։ Հանրային այս կոնսոլիդացիայի տրամաբանական ավարտը դարձավ Ջահերով երթը, որն այս տարի շատ ավելի տարողունակ օրակարգ ու խորհուրդ ուներ։

Վանեցյանի նախաձեռնած իրազեկման ակցիայի ամենակարևոր ձեռքբերումն այն էր, որ Ազատության հրապարակը դարձավ հասարակական տարբեր խմբերի երկխոսության, դիալոգի վայր, ինչն ընդդիմադիր նոր շարժումը որակապես տարբերում է նախորդ շրջանի ընդդիմադիր զարգացումներից։

Շարժումը նոր է թափ հավաքում ու այսօրվանից նոր՝ ավելի զանգվածային դրսևորումներ է ունենալու, սակայն արդեն կարողացել է հաջողություններ գրանցել։ Հենց Վանեցյանի նստացույցը դարձավ այն հիմնական մոտիվը, որը ստիպեց Նիկոլ Փաշինյանին՝ անցած օրերին «խմբագրել» ԱԺ-ում ունեցած իր շոկային ելույթը։

Սակայն քաղաքական ուժերն ու հասարակության մեծամասնությունն այլևս չեն հավատում Փաշինյանի «փոխակերպումներին» ու նրա հեռացման շուրջ ձևավորվել է քաղաքական ու հանրային լայն կոնսենսուս։

Վահրամ Բագրատյան