Որտե՞ղ է արդարությունը․ զnհված զինծառայողների ընտանիքները կանգնել են բնակարանը կորցնելու վտանգի առաջ

«Մարտի 25-ին զանգել են բանկից, տեղեկացրել, որ պետության կողմից հիփոթեքային ծրագրով գնված բնակարանի ամսական վճարը պետք է մայիսից մենք վճարենք»,-MediaHub-ի հետ զրույցում ասում է 2022 թվականին Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո բնակավայրից տեղահանված Աիդա Ավագյանը։ Նրա ամուսինը՝ Համլետ Առաքելյանը զոհվել է արցախյան 44-օրյա պատերազմում։
Զինադադարից 2 տարի անց՝ Աղավնոն Բերձոր քաղաքի հետ հանձնվել է թշնամուն։ Աիդան ստիպված իր 4 զավակների հետ տեղափոխվել է Հայաստան, պետության առաջարկած գումարով բնակարան ձեռք բերել Գորիսում։ Աիդայի օրինակով ևս 90 զոհված զինծառայողի ընտանիք կա։
«Արցախի կառավարության 2022 թվականի համապատասխան որոշմամբ, ՀՀ տարածքում հիփոթեքային վարկավորմամբ ձեռք եմ բերել բնակտարածք, որը 20 տարվա ընթացքում պետք է մարեր Արցախի կառավարությունը` համաձայն «ԱՄԻՕ» բանկի (նախկին Հայբիզնեսբանկ) միջև կնքված պայմանագրի։ Կառավարության կողմից այդ գումարները մարվել են մինչև 2023 թվականի հոկտեմբեր ամիսը, այսինքն մինչև Արցախի լուծարումը, ինչից հետո բոլոր ֆինանսական պարտավորությունները ցուցակագրվել ու փոխանցվել են ՀՀ կառավարությանը։ Բանկը մեզ՝ որպես շահառու տեղեկացրել է, որ մայիսից զոհվածների ընտանիքները պետք է սեփական գրպանից մուծեն հիփոթեքի գումարները, այլապես, ստիպված կլինեն սկսել դատական գործընթաց, ինչի հետևանքով մենք, հնարավոր է, և հայտնվենք դրսում»,- նշում է տիկին Աիդան։
Զանգը ստանալուց հետո վերջինս կարծել է, որ զեղծարարներ են, որոնք փորձում են գումար հափշտակել։ Սակայն, նշված բանկից նա ճշտել ու իմացել է, որ ամեն ինչ իրական է։
Պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներն այժմ կանգնած են տունը կորցնելու վտանգի առաջ։ Շուրջ 22 միլիոն դրամից Արցախի կառավարությունը՝ նախքան լուծարումը, հասցրել է վճարել այդ գումարի ընդամենը 8 ամսվա չափը։
«Դիմել եմ բոլոր պետական կառույցներին, շահագրգիռ գերատեսչություններին, սակայն, մինչ օրս դրական արձագանք չկա։ Պատրաստվում եմ դիմում գրել Նիկոլ Փաշինյանին։ Հուսամ՝ արդարությունը կվերակագնվի»,- հավելեց մեր զրուցակիցը։
Հունան Թադևոսյան