«Դեղին քարտ» Ալեն Սիմոնյանին

«Դեղին քարտ» Ալեն Սիմոնյանին

Էկոնոմիկայի նախարարությունում բացահայտված չարաշահումների գործով դատարանի որոշմամբ կալանավորվել են «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, ընկերության 1 աշխատակից, նաև ընկերության նախկին աշխատակից, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի կինը՝ Անի Գևորգյանը:

Ի՞նչ կապ ունի Ալեն Սիմոնյանի եղբոր կինը այս սկանդալային բացահայտումների հետ:

Պարզվում է՝ նա երկար տարիներ աշխատել է ՏՏ ամենահայտնի կազմակերպություններից մեկում «Սիներջիում» ծրագրերի ղեկավար տնօրեն է եղել: Մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջին» էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին է մասնակցել: Մասնակցել են 4 ընկերություն, սակայն տենդերը չեղարկվել է և «Սիներջին» էլ բնականաբար չի հաղթել: Բայց, ավելի ուշ տենդերը տվել են «Սիներջի»-ին:

Չնայած իշխանության վարդագույն հռետորաբանությանը՝ Հայաստանն ավտորիտար ու կոռումպացված երկիր է ու կոռուպցիայի դեմ պայքարն իրականում գործիք է, որի միջոցով լուծվում են ներիշխանական հարցեր:

Իշխանության հերթական գզվռտոցի զոհը, փաստորեն, Ալեն Սիմոնյանն է, որի եղբոր կնոջը պատանդ պահելով՝ Նիկոլ Փաշինյանը կամ իշխանության այլ կենտրոն ինչ-որ բան են հասկացնում Սիմոնյանին:

Այն իրավիճակում, որում հայտնվել է Ալեն Սիմոնյանը՝ լուծումները շատ չեն:

Նա կարող է արժանապատվությամբ հրաժարական տալ՝ ամուր կանգնելով իր ընտանիքի բարի համբավը պաշտպանելու դիրքերում, բայց կարող է նաև «ուղղափառ հեղափոխական» դիրքերից հանդես գալ՝ ուրանալով «հակահեղափոխական» արարքի մեջ ներքաշված եղբորն ու նրա ընտանիքին:
Ավելի շատ հակված ենք նրան, որ Սիմոնյանը գնալու է երկրորդ ճանապարհով:

Վահրամ Բագրատյան