Մոսկվայի կոշտ արձագանքը Փաշինյանին

Մոսկվայի կոշտ արձագանքը Փաշինյանին

«Հավաստի Աղբյուր» կեղծանվան տակ թաքնված Նիկոլ Փաշինյանը, արդեն երկրորդ օրն է, իր ընտանիքին պատկանող կայքում, «գաղտանազերծում» է արտաքին դերակատարների պահանջները՝ հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում:

Այսօր «բացահայտվել» են ռուսական պահանջները, ընդ որում՝ միջին որակի վերլուծականի մակարդակում:

Անդրադառնալով Ռուսաստանի մոտիվներին՝ կեղծանվան տակ թաքնված վարչապետը գրում է. «Գործողությունների իմաստը հետևյալն է՝ ցույց տալ Հայաստանի անվտանգային խոցելիությունը, որպեսզի վերջինս րոպե առաջ դիմի «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության մաս դառնալու համար»։

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, թե ինչքանով են հավաստի «ՀԺ» հոդվածագրի պնդումները, որովհետև ակնհայտ է մեկ այլ իրողություն՝ դրանք ավելի են բարդացնելու հայ- ռուսական՝ առանց այն էլ, ճգնաժային հարաբերությունները:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն արդեն անհեթեթություն է անվանել հայկական ԶԼՄ-ների հրապարակումներն այն մասին, թե ՌԴ-ն, իբր, փորձում է հասնել այն բանին, որ Հայաստանը մտնի ՌԴ-ի եւ Բելառուսի Միութենական պետության մեջ։

Մոսկվայում շատ լավ գիտեն, որ Փաշինյանն է սկանդալային հոդվածի հեղինակը, դրանով հանդերձ՝ նրա պնդումը համարում են անհեթեթություն:

Կամ՝ «Հավաստի Աղբյուր» Փաշինյսնը պնդում է. «...չնայած հրապարակային հայտարարություններին, Ռուսաստանը ՀՀ տարածքով միջանցքի հիմնական շահառուն է, որովհետև թե Ադրբեջանը, թե Թուրքիան, թե Ռուսաստանն ուզում են, որ ՀՀ տարածքով լինի միջանցք՝ ՌԴ վերահսկողության ներքո»։

Հայաստանի փաստացի վարչապետն այս պարբերությամբ կասկածի տակ է դնում Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկի օրերս հնչեցրած հայտարարությունը, որով հերքվում է արտատարածքային միջանցքի հնարավորությունը:

Ինչ վերաբերում է ճանապարհի ռուսական վերահսկողությանը, ապա այդ կարգավորումը տրված է 2020թ-ի եռակողմ հայտարարությամբ, որի տակ դրված է նաև Փաշինյանի ստորագրությունը: Ումի՞ց և ինչո՞ւ է բողոքում Փաշինյանը:

Առհասարակ, ո՞րն էր այսօրվա արտահոսքի նպատակը:

Կարծում եմ՝ Փաշինյանը երեք խնդիր է լուծում:

Նախ, փորձում է հասարակությանը հուսահատեցնելով՝ ցույց տալ, որ բոլոր կողմերից իրեն կապիտուլյացիա են պարտադրում:

Երկրորդ, հիմքեր է նախապատրաստում արտաքին քաղաքականության վեկտորալ փոփոխության կամ ճամբարափոխության համար:

Երրորդ, բանակցային մանրամասները ընտրողաբար «բացահայտելով»՝  Փաշինյանն, ըստ էության, վիժեցնում է բանակցային գործընթացը: Նա իր վրայից գցում է պատասխանատվությունը՝ «դավաճան», «կապիտուլյանտ» որակումններից խուսափելու համար, ըստ էության՝ գերադասելով, որպեսզի մեր հասարակությանը խաղաղություն հարկադրի ադրբեջանական բանակը:

Վահրամ Բագրատյան