Թովմասյանի առաջարկը տեղավորվում է Արցախում ստեղծված իրավիճակի հաղթահարման այլ առաջարկների շարքում. խոսնակ

Թովմասյանի առաջարկը տեղավորվում է Արցախում ստեղծված իրավիճակի հաղթահարման այլ առաջարկների շարքում. խոսնակ

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի ԱԺ նիստում արած հայտարարություն-առաջարկը տեղավորվում է Արցախի շուրջ և Արցախում ստեղծված իրավիճակի հաղթահարման այլ առաջարկների շարքում, որ նախագահ Հարությունյանը ստանում է անցկացվող քաղաքական խորհրդակցությունների ընթացքում: Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ մեկնաբանելով երեկ Թովմասյանի կողմից հնչեցրած հայտարարությունը:

«Մայիսի 15-ից նախագահը հանդիպում-քննարկումներ է սկսել հասարակական-քաղաքական շրջանակների հետ: Նախագահը պատրաստ է լսել Արցախի Հանրապետության ճակատագրով մտահոգ բոլոր ուժերին և անհատներին, քննարկել բոլոր առաջարկներն ու ծրագրերը և, հուսով է, որ փոխհարգանքի մթնոլորտում համագործակցության նոր հնարավորություններ կստեղծվեն, որոնք կծառայեն Արցախի Հանրապետության ժողովրդի շահերին»,- ասաց մեր զրուցակիցը:

Արայիկ Հարությունյանի խոսնակը նաև հավելեց, որ քաղաքական խորհրդակցությունների արդյունքում նախագահն ընդունելու է համապատասխան որոշումներ, որոնց վերաբերյալ հանրությունը կիրազեկվի:

Հիշեցնենք, երեկ խորհրդարանի նիստի ժամանակ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը կոչ-խնդրանքով դիմեց նախագահ Արայիկ Հարությունյանին.

«Պարո´ն նախագահ, ես երբեք չեմ խառնվել Ձեր գործերին, դուք էլ՝ Ազգային ժողովի: Ես մոդել եմ առաջարկել, որը հետևյալն է՝ ոչ թե ամորֆ մարմին եմ    առաջարկել ,այլ այն մարմինը, որը մեզ փրկել է 90-ականներին, այն է՝ պաշտպանության պետական կոմիտեն: Ես երկրի նախագահին առաջարկել եմ այդ կազմում երկու մարդու ընդգրկել՝ Ռուբեն Վարդանյանին և Սամվել Բաբայանին: Ես չգիտեմ նրանց կարծիքը, շատ հնարավոր է, որ հրաժարվեն:

Ինչու՞, հարցեր մի տվեք:

Պարո´ն նախագահ, եթե այդ մոդելը  չաշխատեց, հիմա կարող է առաջին անգամ որևէ անձի ցավ պատճառեմ:

Հրաժարականի դիմում ներկայացրեք, պարո´ն Նախագահ, կամ դրեք ձեր վստահության հանրաքվեն: Եթե ժողովուրդը չի վստահում, որ ընտրվել եք, ապա կհեռանաք: Սակայն դա  չի նշանակում, որ ձեր հրաժարականի դեպքում Արթուր Թովմասյանը  կլինի երկրի նախագահի պաշտոնակատար: Եթե ժողովուրդը ձեզ չվստահեց՝ ես էլ եմ հեռանալու»:

Նարե Գնունի