Ինչո՞վ են զբաղված պարեկները, երբ չեն աշխատում լուսացույցները (տեսանյութ)

21-րդ դարում տիեզերք արբանյակ ուղարկող Հայաստանի մայրաքաղաք Երևանում օրը ցերեկով պարբերաբար հոսանքազրկումներ են լինում և դրանցի խափանվում է նաև խաչմերկումներին լուսացույցների աշխատանքը։ Երեկ, օրինակ, Երևանի կենտրոնի մի շարք փողոցներում լուցացույցները չէին աշխատում, և լուսացույցի փոխարեն երթևեկությունը կարգավորում էին շարքային քաղաքացիները, քանի որ պարեկներն էլ իրենց հերթին չէին աշխատում։ Այսօր դարձյալ նույն վիճակն էր կենտրոնում։ Օրինակ՝ մի երկու ժամ առաջ խափանվել էր Պարոնյան-Ձորափ խաչմերուկի լուսացույցը, և դարձյալ անկանոն իրավիճակ էր ստեղծվել երթևեկության մասնակիցների համար։ Սա, հիշեցնենք, «Նաիրի» բժշկական կենտրոնի և կառավարական ամառանոցների խաչմերուկն է, որտեղ պարեկները ժամանակ առ ժամանակ ուժեղացված ծառայություն են իրականացնում և շնչակտուր սկսում են կարգավորել երթևեկությունն անգամ աշխատող լուսացույցի պայմաններում, երբ իրենց տեղեկացնում են, որ Նիկոլ Փաշինյանն է այդ տարածով անցնելու կամ, ասենք, Ալեն Սիմոնյանն է այդ պահին անցնում։

Բայց, այ, հասարակ քաղաքացիների համար այդ նույն պարեկները, որ մշտապես ծառայություն են իրականացնում հենց այս հատվածում, լուսացույցի խափանման դեպքում մատը մատին չեն խփում, որովհետև իրենց չեն ասել, որ վերևներից ինչ-որ մեկը պիտի այդ պահին անցնի այդ տարածքով։

Այսօր ևս, երբ լուսացույցը էլի չէր աշխատում, «Դվինի» հյուրանոցի դիմաց կայանած պարեկները ուղղակի պարապ նստած էին մեքենաների մեջ ու համացանցում էին զվռնում, մինչդեռ կարող էին իջնել և կարգավորել խաչմերուկը, մինչև լուսացույցերը կսկսեին աշխատել։

MediaHub-ն այսօր այս մասին տեղեկացրեց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանին, որ իրենց պարեկները շատ դեպքերում ուղղակի անգործության են մատնված։ Արփինե Սարգսյանն էլ սկսեց արդարացնել իրենց պարեկների անգործությունը նրանով, որ նրանք էլ են մարդ, հանգստի և ընդմիջում անելու իրավունք ունեն։

«Տեղյակ եմ խնդրին, որովհետև վերջին ժամանակահատվածում հատկապես հոսանքազրկումներ կան թե՛ Երևանի կենտրոնում, թե՛ հարակից հատվածներու, և այստեղ մենք ստիպված ենք լինում ամբողջ ռեսուրսն ուղղորդել տվյալ խաչմեչուկների կանոնակարգմանը, բայց, բնականաբար, մեր ծառայողները ևս հանգստի ռեժիմից օգտվելու կարիք ունեն, ընդմիջում կատարելու հնարավորություն պետք է ունենա, և փորձում ենք հնարավորինս ուղղորդել բոլոր այն խաչմերուկներ, որտեղ հոսանքազրկման հետ կապված խնդիրներ կան»,- ասաց տիկին փոխնախարարը։

Երբ նշեցինք, որ մեր աչքի առաջ այսօր պարեկները պարապ կանգնած էին «Դվինի» դիմաց, մինչդեռ իրենց կողքին խցանում էր առաջացել չաշխատող լուսացույցի պատճառով, Արփինե Սարգսյանն ասաց․ «Այդ կարգախմբի համարը կփոխանցեք, մենք կզբաղվենք այդ հարցով, վերջում, եթե կարիք լինի, կարգապահական պատասխանատվության կենթարկենք»։

Կատակով նկատեցինք, որ վերջում իրենց պրեմիաներից թող մեզ էլ փոխանցեն, որ իրենց օգնում ենք այդքան, տիկին Սարգսյանն ասաց․ «Պրեմիաները այդքան չենք ստանում, որ կարողանանք Ձեզ էլ բաժին հանել»։

Մանրամասն՝ տեսանյութում