Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Մինչ մենք կույսեր ենք փնտրում, Հայաստանի շուրջ օղակը Թուրքիան սեղմում է

Blog Image

Մինչ ողջ հանրության ուշադրությունը սևեռված է այլոց անկողիններին ու կուսությանը, Հայաստանի շուրջ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք կարող են շատ ավելի վտանգավոր հետևանքներ ունենալ, քան եթե պարզվի, որ իրոք ինչ-որ մեկը կենակցել է իր քեռու կնոջ հետ կամ մեկ ուրիշը կույս չէ։

Օրերս Թուրքիայում կրկին ակտիվացել են Հայաստանի Մեծամորի ատոմակայանի փակման պահանջով տեղի ունեցող ցույցերն ու ակցիաները։ Թուրքիայի կողմից նման պահանջն ինքնին նորություն չէ, սակայն հաշվի առնելով հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս ընթացքը, դրան գումարած ժամանակ առ ժամանակ մոդուլային ատոմակայաններ բացելու մասին շրջանառվող քննարկումներն ու Հայաստանի իշխանությունների ոչ հստակ դիրքորոշումը, ապա Մեծամորի ատոմակայանի փակումը շատ առարկայական է դառնում։

Բացի այդ, ակցիայի մասնակիցները Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար դիմել են ոչ միայն Թուրքիայի կառավարությանը, այլև միջազգային կառույցներին։ Առաջինի դեպքում առավել քան պարզ է, որ գործընթացը տեղի է ունենում ոչ թե ներքևից վերև սկզբունքով, այսինքն՝ սկզբից տեղի են ունենում ակտիվիստների ցույցերը, որոնք էլ փոխանցվում են իշխանություններին, այլ նախապես այդ օրակարգը ձևավորվում է Էրդողանի գրասենյակում, այնուհետև ստանում ցույցերի տեսք։ Եվ հենց այդ փոխշաղկապված գործընթացն էլ որպես հանրային պահանջ ապագայում կհրամցվի Փաշինյանին ու կդառնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հերթական նախապայման։

Ինչ վերաբերում է միջազգային կառույցներին, ապա նման կառույցներ իրենց համապատասխան անկախությամբ գոյություն չունեն։ Այդ «կառույցներ» կոչվածներից յուրաքանչյուրի հետևում պատսպարված է այս կամ այն արևմտյան պետության շահը, իսկ Արևմուտքն արդեն տևական ժամանակ է, ինչ շահագրգռված է Հայաստանում մոդուլային ատոմակայանների գործարկմամբ ու Մեծամորի ԱԷԿ-ի փակմամբ։

Երկրորդ կարևոր իրադարձությունը Թուրքիայի նախագահ Էրդողանի ու Իրանի նախագահ Փեզեշքիանի հեռախոսազրույցն է, որի ընթացքում, ըստ հաղորդագրության, քննարկվել են տարածաշրջանային ու թուրք-իրանական հարաբերություններն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելուն ուղղված քայլերը։

Հենց այս համատեքստում շատ կարևոր է ընդգծել, որ օրերս Էրդողանը դիմել էր Փեզեշքիանին, որպեսզի համատեղ քննարկեն «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը, որը կարող է երկուստեք օգտակար լինել։ Քաղաքականապես տգետ պետք է լինել չհասկանալու համար, որ յուրաքանչյուր հարաբերությունների կարգավորման հիմքում երկկողմանի փոխզիջումներն են, հետևաբար այդ փոխզիջումների գործընթացում ցանկացած կողմ ձգտելու է ոչ միայն հնարավորինս շատ ստանալ, այլև հնարավորինս քիչ զիջել, ու եթե հնարավորություն է ընձեռվում զիջումն անել ուրիշի հաշվին, ապա դա գրեթե իդեալական տարբերակ է։ Հետևաբար եթե Իրանը շահագրգրված լինի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմամբ ու դրա գինը լինի «Զանգեզուրի միջանցքը», ապա մի րոպե իսկ պետք չէ կասկածել, որ այդ զիջումը կլինի հենց Հայաստանի հաշվին։ Իհարկե «Զանգեզուրի միջանցքի» չտրամադրումը ներկայումս իրանական շահի համար ռազմավարական հարց է ու խիստ կարևոր, սակայն չկա որևէ երաշխիք, թե թուրք-իրանական ապագա բանակցությունների ժամանակ կողմերից յուրաքանչյուրը մյուսին ինչ կառաջարկի, ինչ պայմանավորվածությունների կգան, ինչ պայմանագրեր կկնքվեն, դրանք որքանով կփոխեն յուրաքանչյուր պետութան քաղաքական շահը ու արդյունքում այս կամ այն ռազմավարական հարցն ինչ կարևորություն կստանա, կամ հակառակը՝ որքանով կթուլանա խնդրի արդիականությունը։

Ահա նման զարգացումներ են տեղի ունենում Հայաստանի շուրջ ու Հայաստանի հետ կապված, իսկ մենք ի՞նչ ենք անում, հեչ, ուղղակի կույս ենք փնտրում։

Կարեն Կարապետյան

Send