Երբ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքն ու Աննա Հակոբյանն ամուսնացած չեն ո'չ ԶԱԳՍ-ով, ո'չ էլ եկեղեցով, ապա ձևակերպեց այնպես, իբր իրենց նման հարց են ուղղել ու ինքն ընդամենը պատասխանում է այդ հարցին։
Անշուշտ սա սուտ է, նման հարց ոչ ոք իրենց չէր ուղղել, որովհետև որևէ մեկի մտքով չի անցնի չորս երեխա ունեցող, շուրջ երեսուն տարվա ամուսիններին հարցնի՝ դուք զագսավորվա՞ծ եք, թե՝ ոչ։
Հետևաբար Նիկոլ Փաշինյանը հենց ինքն է թե' հարցի, թե' պատասխանի հեղինակը։ Բայց ինչո՞ւ նման անհրաժեշտություն առաջացավ ողջ հանրությանը տեղեկացնել, որ իրենք պաշտոնապես ամուսնացած չեն։
Նախորդ հոդվածում ես արդեն ասել եմ, որ իշխանական այս զույգը ոչինչ հենց այնպես չի ասում կամ անում, նրանց յուրաքանչյուր հայտարարություն անպայման ունենում է նպատակ, որի պտուղներին ականատես ենք լինում որոշ ժամանակ անց։ Ցավոք պետք է փաստենք, որ մենք երբեք սկզբնական շրջանում ըստ արժանվույն չենք գնահատում նրանց հայտարարությունները։
Ծաղրում ենք, հեգնում, սկսում «բոցեր» անել, հաճախ վրդովվում, բայց չենք որսում նմանատիպ հայտարարությունների հեռահար նպատակը ու միայն հասկանում ենք այն ժամանակ, երբ ականատես ենք լինում այդ հայտարարությունների կյանքի կոչվելուն։ Ուստի, ո՞րն էր Նիկոլ Փաշինյանի նպատակը, երբ շեշտեց, որ իրենք անուսնացած չեն ո՛չ ԶԱԳՍ-ով, ո՛չ էլ Աստծո առջև։
Պատասխանը մեկն է՝ միանշանակ հաջորդ հարվածը լինելու է հայ ավանդական ընտանիքներին։ Ապագայում քանդվելու է ընտանեկան այն մոդելը, որի վրա խարսխվում է հասարակությունը։
Պետականության կորստի պայմաններում հայ ժողովուրդը գոյատևել է հիմքում ունենալով մի շարք պայմաններ, որոնք սրբորեն պահպանվել են, դրանք են՝ ազգային արժեքները, պատմական հիշողությունը, Հայ Առաքելական Եկեղեցին ու ընտանիքը։ Չլինեին այս գործոնները, հայ ժողովուրդը կկորցներ իր դիմադրողականությունը ու արդյունքում երբեք չէինք կարող վերականգնել մեր պետականությունը։ Պետականության ողնաշարը կոտրելու դեպքում թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակն է կազմալուծել նաև հայ հասարակությանը, որպեսզի նրան զրկի հետագայում ոտքի կանգնելու նպատակից, ինչի իրագործմանն էլ ծառայում է Նիկոլ Փաշինյանը։
Նա սասանեց պետականության հիմքերը, արժեզրկեց ազգային հերոսներին, հայրենիքի համար անձնազոհությունը դարձրեց առ ոչինչ, ծաղրեց ազգային արժեքները, կասկածի տակ դրեց ու ուրացավ Հայոց Ցեղասպանությունը, արմատախիլ է անում պատմական հիշողությունը, փորձում է հեղինակազրկել Հայ Առաքելական Եկեղեցին։ Հասարակության հաջորդ հենասյուներից մեկին սպասվելիք հարվածի հողն արդեն նախապատրաստված է, եկեղեցուց հետո հաջորդը լինելու է հենց ընտանիքը։
Պատահական չէ նաև, որ Նիկոլ Փաշինյանը հաճախ է կառավարության նիստերի ժամանակ խոսում ընտանիքներում տիրող «կեղծ» սիրո, «կեղծ» հարգանքի ու «կեղծ» մթնոլորտի մասին, միաժամանակ «կեղծ» համարելով նաև սերը երեխաների հանդեպ։
Շատերը երևի չեն հիշում Նիկոլ Փաշինյանի կողմից սեփական անձի նույնացումը Հիսուս Քրիստոսի հետ։ Ո’չ, խոսքը մեռնելու, այնուհետև հարություն առնելու մասին չէ։ Քրիստոսի մասին պատմող ֆիլմերում, երբ նա բարձրանում է Գողգոթայի ճանապարհով, դիմելով Մարիամ Աստվածածնին, Քրիստոսն ասում է. «Մայր իմ, ես նորն եմ արարում»։ Ճիշտ այդպիսի մի արտահայտություն արեց Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, հայտարարելով. «Ես նորն եմ արարում»։
Եվ նա հետևողականորեն գնում է իր ճանապարհով, նա իրոք «նորն է արարում» ու այդ արարարման վերջնարդյունքը լինելու է կազմալուծված ու համաշխարհային պատմության էջերում իր առաքելությունն ավարտած հայ ժողովուրդը։ Նա, շեշտում եմ, ոչնչի առջև կանգ չառնելով նպատակասլաց գնում է առաջ։ Մենք կա՛մ կկարողանանք կասեցնել նրա դիվական ընթացքը, կա՛մ հայ ժողովուրդն իր ձեռքերով իր տապանագիրը կդնի սեփական շիրիմի վրա։
Կարեն Կարապետյան