Քաղաքային իշխանության լեգիտիմության ևս մեկ «ճաքը»

Քաղաքային իշխանության լեգիտիմության ևս մեկ «ճաքը»

Չնայած  Վարդան Ղուկասյանը ասել էր, որ «Հանրային ձայն» խմբակցության բոյկոտով Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստը տապալվելու է, սակայն մենք հստակ տեղեկատվություն ունեինք, որ իշխանությունները զբաղված են «Հանրային ձայնի» որոշ անդամների «մշակմամբ»՝ շանտաժի ու շահագրգռելու բաղադրիչներով:

Իշխանության բուռն «գործունեությունը» տվեց իր արդյունքը՝ «Հանրային ձայնի» երկու անդամ մասնակցեցին Երևանի ավագանու արտահերթ նիստին՝ ապահովելով քվորումը ու մաս դառնալով ՔՊ- «Հանրապետություն» կոալիցիայի նախաձեռնած քաղաքական հետապնդմանը:

Ավագանու երեք ընդդիմադիր անդամներ, այդ թվում՝ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, զրկվեցին մանդատից:

Սրանով լուծվեցի՞ն Ավինյանի խնդիրները, վերացա՞վ նրա լեգիտիմության խնդիրը:

Իհարկե՝ ոչ, ճիշտ հակառակը:

Պարադոքսալ է, երբ փոքրամասնության իշխանությունը, որը քվորում ապահովում է քաղաքական «անասնագողության» հետևանքով, գնում է նման լուծումների, որոնք, մեղմ ասած, ոչ դեմոկրատական են:

ՔՊ-ն Երևանի ավագանուն զրկեց այլընտրանքային քաղաքապետի թեկնածու ունենալու հնարավորությունից: «Մայր Հայաստան» դաշինքի փաստացի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ինքն է հրաժարվել մանդատից, Վարդան Ղուկասյանը առհասարակ չի եղել «Հանրային ձայնի» ցուցակում, մնացել էր Հայկ Մարությանը, ով զրկվեց մանդատից:

Տիգրան Ավինյանը իրեն դրեց փակուղում. քաղաքային իշխանության ճգնաժամն ավարտվելու է կա՛մ արտահերթ ընտրություններով, կա՛մ Նիկոլ Փաշինյանն է որոշելու՝ ինչքան կղեկավարի գործող քաղաքապետը:

Իսկ Մարությանը ընդդիմության առաջնորդ դառնալու և քաղաքացիական անհնազանդության կոչեր անելու հնարավորություն ստացավ: Նա քաղաքական բոնուս ստացավ ՔՊ անտաղանդ կառավարման հետևանքով:

Վահրամ Բագրատյան