ՔՊ-ականները ջանում են «հաղթել» Նիկոլին. Ո՞վ Նիկոլից ավելի Նիկոլ կլինի. ՔՊ ֊ում մրցավազք է։
Ով ավելի «հաղթական» ու «խրոխտ» կեցվածք կդրսեւորի, ու կկարողանա գրավել Փաշինյանի սիրտը, ինչ գնով էլ լինի, հույս են փայփայում, որ վաղը հենց նրա հետ ճանապարհ կգնան։ Բայց այստեղ Փաշինյանը մենակ չէ, կա նաեւ Աննա Հակոբյանը, որի դերակատարումը ավելին է, քան Փաշինյանի ձայնը. Հակոբյանը իր սրտի ՔՊ-ականներն ունի, իսկ Աննա Հակոբյանի ձայնը ըստ էության ավելին է, քան Փաշինյանինը։
Քանի որ Փաշինյանը հասկանում է, որ ժողովուրդը այնուամենայնիվ իրեն չի ընտրել, իսկ ժողովուրդը չի կարող մի մասը լինել երեք միլիոնի մեջ, ինչքան էլ, որ «երեք միլիոն վարչապետացու կա»։ Հասկանում է, որ իրեն անգամ չի ընտրել ժողովրդի կեսը, եւ լավ հասկանում է, որ ժողովրդի քվեն ուզուրպացված է։ Բայց հարմար է ժողովրդի անունից միշտ խոսել ու մեղադրելու ժամանակ լավ էլ մեղադրել, գովաբանելու ժամանակ լավ էլ գովաբանել, այլ խնդիր է, որ այլեւս դեր չի խաղում նրա եւ ոչ մի մանիպուլյատիվ հնարք։ Իսկ ընտրություններին մասնակցած մարդիկ քիչ չեն, իսկ այդ մարդիկ այնուամենայնիվ ժողովրդի մի մասն է։
Իսկ ինչո՞ւ են, հատկապես նորելուկ ՔՊ-ական երեսփոխանները մեկը մյուսին փորձում «հաղթել», իրենց երբեմն գռեհիկ ու ո՛չ բովանդակային քննադատություններով։ Մի կին կա, որը վերջին շրջանում է հայտնվել խորհրդարան, նստել ՔՊ-ականների շարքերում, ու հնարավորինս իր ելույթներով փորձում է «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» երեւալ-խաղալ, որ իրեն լավ աչքով նայեն, նկատեն։
Խոսքը ԱԺ ՔՊ-ական երեսփոխան Ջուլիետա Ազարյանի մասին է, որ չգիտի որտեղից ու՞ր է հայտնվել, եւ ինչի՞ համար։ Այս կինը հնարավորինս անբովանդակ, ոչ քաղաքական միտք արտահայտող բառամթերքով, ակնհայտ քծնելով Փաշինյանին, ջանում է նախկին իշխանություններին քննադատել` մոռանալով, որ իր նախկին եւ այժմյան թիմակիցները, արդեն յոթ տարի է, նախկինների արած-չարածներով ինքնահաստատվում են ու մինչեւ այսօր չեն կարողացել ո՛չ մարսել նախկինների պետականամետ լինելը, ո՛չ նրանց գրագիտության, պատրաստվածության: Եվ մինչեւ այսօր ոչ մի բանով չեն կարողացել «հաղթել» բացի իրենց ո՛չ քաղաքական մտքով առաջ քաշելով՝ նախկինների վարած քաղաքականությունը, գույները խտացնելով, վարկաբեկելով մոռանալով, որ փողոցից, յոթ տարի է, իշխանության է եկել մի խմբակ, որ այս յոթ տարիների ընթացքում հասցրել է մի քանի պատերազմներ բերել, պարտվել, զոհեր, վիրավորներ, անթիվ աղետներ, մի ամբողջ ժողովրդի գաղթական դարձնել՝ երկիրը թողնելով անտերության ու բախտի քմահաճույքին։ Ու այժմ, երբ հայ գերիներին դատում են Բաքվի դատարաններում, ոչ միայն ոչինչ չեն անում, այլ ակնհայտ ուրախանում են, որ մեր հայրենակիցներին թշնամին պատժում է, առաջինը իրենց հայ լինելու համար։
Բամբասելու, չարախոսելու, ԱԺ ամբիոնը օգտագործելով իրար վրա ցեխ շպրտելու միակ հարմար առիթ-նպատակ, այդ ամենը քաղաքականության մեջ դատարկաբանության դասական օրինակ է, որտեղ ո՛չ օրենքների մշակման, ո՛չ երկրում տիրող իրավիճակի, ո՛չ արդարության, ավելին` ոչնչի մասին է։ Դե, ինչպես ասում են. ոնց աշխատում է «գլուխը», այնպես էլ մարմնի մյուս անդամները։ Եթե գլուխը չի աշխատում, ողնաշարը ծուռ է, պարզ է, թե մնացյալը ինչ ուղղությամբ պիտի շարժվեն։
Ազարյանի քննադատության մեջ, ոչինչ չկա ավելին, ոչ քաղաքական այս կինը, ինչպես նաեւ շատերը, ջանում են 2026 թվականին պարտադիր լինել ՔՊ ընտրական ցուցակում, ու պարտադիր հաջողակ համարի տակ, որովհետեւ լավագույն տարբերակը «կնոպկա» սեղմելն է, ձեռքի հետ էլ Ռոբերտ Քոչարյանին եւ մյուսներին վիրավորելը, վատաբանելն ու այդպես փող աշխատել ու հովին «լռվել»։ Իսկ Քոչարյանը հարմար «պերսոնաժ» է։ Շատերի ականջներին նստում է ոչ քաղաքական խոսույթը։
ԱԺ-ն երբեք այսքան խղճուկ վիճակում չի եղել. երբ ամբիոնը դարձել է իշխանության ձեռքին պարզապես նախկին նախագահներին թիրախավորված հարձակման ու առանց նախապայմանների, մեկ մարդու թելադրած շարադրանքով ու անտեղի մեղադրական ճառերով խառնափնթոր միջավայր։
Փաշինյանն էլ իր հերթին ընդդիմությանը վախեցնելով, «խաղաղություն» հորջորջելով գնում է ընտրությունների։ Քանի որ լավ գիտի ինչ բան է քաղաքականությունը, քաղաքականապես մտածող ու գործող մարդը, որոշել է բոլոր կողմերից անազատության մեջ պահել այն դերակատարներին, որոնք կարող են ազատության մեջ իրեն «խանգարել» ձայներ հավաքելու ժամանակ։ Իսկ պատերազմ կեղծողն ու պատմության մեջ իրեն «հերոս» դարձրած Փաշինյանին ի՞նչն է խանգարելու, որ իր «ոտաբոբիկ» ու անբովանդակ թիմով առաջ չգնա։ Այլ բան, որ ՔՊ-ի ներսում ի՞նչ կկատարվի, որ հանկարծ նրանցից մեկը իմանա, որ հաջորդ ԱԺ ընտրությունների ժամանակ իրենց անունը ՔՊ ցուցակում չկա։ Եթե ՔՊ-ականները մինչեւ խորհրդարանական ընտրություններ իրար «չուտեն», ապա ամեն ինչ Փաշինյանի սրտով կլինի։ Իսկ Փաշինյանը «խոստումնալից» քաղաքական գործիչ է, եւ ոչ միայն։ Նա լավ համոզելու, սուտը արդարացնելու, փաստերը աղավաղելու մեծ վարպետ է, որ հետո պարտադիր դեմ է դուրս գալու հատկապես նրանց դեմ, ովքեր անձնուրաց ծառայել են իրեն։
Արթուր Հայրապետյան
