3 վիրավոր կա․ «Nissan»-ը բախվել է քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում

Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում Արտաշատի խճուղում Երևանի բնակիչ 31-ամյա Մարիամ Ա․-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել այդ պահին նշված հատվածով աշխատանքից տուն վերադարձող ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկը, քաղաքացիները և օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները վիրավորներից մեկին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։